Արտասահմանյան գրականության դասաժամերի կրճատման հարցը քննարկման թեմա՞ է ԱԺ-ում, ի՞նչ գործ ունեն մեր ծրագրերի հետ, դա մեր ներքին ինքնավարությունն է. Ա. Սիմոնյան

15:00 • 24.02.18

Նորմալ է, որ բուհերի խորհուրդների կազմը հաստատվելու է վարչապետի կողմից: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում ներառված համապատասխան դրույթի մասին:

Ռեկտորն ասաց, որ սկզբունքային չէ, որ խորհրդի կազմը հաստատի վարչապետը, այն կարող է հաստատվել նաև կառավարության կողմից, որը համալսարանի հիմնադիրն է:

Դիտարկմանը, թե արդյոք այսպիսով խորհուրդների անկախությունը չի՞ տուժում, Արամ Սիմոնյանն ասաց, որ աշխարհի բոլոր համալսարաններն էլ ունեն հոգաբարձուների խորհուրդ, ԱՄՆ-ում, օրինակ, այդ խորհուրդները հաստատվում են նահանգային կառավարությունների կողմից, ինչը նորմալ է:

«Մեզ մոտ ընդունված է, որ հիմնադիրն է հաստատում, այդտեղ մի մեծ բան չկա: Չենք ուզում լինի վարչապետը, թող լինի կառավարությունը, բայց հիմնադիրը թող հաստատի, որ խորհուրդը իրավական տեսանկյունից լեգիտիմ դառնա: Ինչո՞ւ եք մտածում, թե կաշկանդված կլինեն, անկախ չեն գործի: Մինչև հիմա մենք ինչ է, կաշկանդվա՞ծ ենք եղել:

Մենք կաշկանդվում ենք, երբ Ազգային ժողովում հայտարարում են, որ կրթական մեր ծրագիրը պետք է ստուգեն, լսումներ անեն դրանց մասին: Ի՞նչ գործ ունես իմ ծրագրերի հետ: Դա մեր ներքին ինքնավարությունն է, դա ակադեմիական ազատությունն է, որը տրված է համալսարանական աշխարհին: Ես ծառայություն մատուցող եմ՝ համալսարան եմ, պետք է որոշեմ, թե ինչպես եմ այն մատուցում»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Ռեկտորն ասաց, որ իրենք առաջնորդվում են ողջամտության սահմաններում և եթե տնտեսական ֆակուլտետում սովորող մեկն իրենց դիմի, որ ուզում է սովորել նաև ստոմատոլոգիա առարկան, «պարզ է չէ՞, որ դա խոհեմության սահմաններում չէ»: Սիմոնյանն ասաց, որ խոսքը, մասնավորապես, արտասահմանյան գրականության դասաժամերը բաշխելու շուրջ ստեղծված աղմուկին է վերաբերում: Ըստ նրա՝ իրենք են որոշում, թե ինչ սկզբունքով բաշխեն առարկաները:

«Այդ ժամերի մասին ընդամենը խոսակցություն եղել, որ այդ ֆակուլտետում սովորող ուսանողները ավարտելիս գոնե նույն մակարդակի վրա երկու լեզու իմանան: Բոլորի համար էլ պարզ է, որ առանց գրականության լեզու սովորել չի լինի, դա շատ պարզ բան է, բայց դա չի նշանակում, որ գրականությունն ավելի շատ պետք է դասավանդել, քան՝ լեզուն: Ամեն ինչ ողջամտության սահմաններում պետք է արվի»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Սիմոնյանի խոսքով՝ ուսանողները պարտադիր պետք է անցնեն համաշխարհային գրականություն և իրենք ամենևին չեն ասում, որ «չեն անցնելու»: «Իզուր տեղը աղմուկ են հանել, ասում են, թե քննարկման առարկա կդարձնեն: Դա ի՞նչ քննարկման առարկա է խորհրդարանում: Խորացեք հարցի մեջ, մենք բոլորս թշնամի են հանվում, ուսանողի գործին վնաս տվող, մինչդեռ այդպես չէ: Այլ հարց է, որ մենք ժամաքանակի հետ համաձայն չենք, այն կավելացնենք»:

Վերջին հաշվով, ռեկտորի խոսքով, կարևորը ոչ թե քանակն է, այլ՝ որակը: