Սոմալիում պայթյուններ են որոտացել նախագահական պալատի և հյուրանոցներից մեկի մոտ. կա առնվազն 18 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում երեկ պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով մահացել է առնվազն 18 և վնասվածքներ ստացել մի քան տասնյակ մարդ: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթեցվել են պայթուցիկ սարքերով լի ավտոմեքենաներ: Մի ավտոմեքենան պայթել է նախագահական պալատի մոտակայքում, իսկ մյուսը՝ հյուրանոցի մոտ: Պայթյուններից հետո կրակոցներ են հնչել:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով 20 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը («Երիտասարդ մոջահեդների շարժում»), որը սերտ կապեր ունի «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Այն զինված պայքար է մղում Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:










