«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը

22:10 • 24.02.18

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Այս մասին Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,-  ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիան ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին, կարելի է ենթադրել, որ խորհրդարանում նախագահի ընտրությունը կավարտվի հենց առաջին փուլում: Առաջին փուլով ՀՀ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 79 ձայն: Իշխող ՀՀԿ-ը խորհրդարանում ունի 58, նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 7, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 մանդատ: