Պայթյուններ են որոտացել Սոմալիի նախագահական պալատի հարևանությամբ. կան տասնյակ զոհեր
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում տեղի ունեցած զույգ պայթյունների և փոխհրաձգության հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ուրբաթ գիշեր տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը մոտ է 40-ի: Սոմալիի անվտանգության հարցերով նախարար Մոհամադ Աբաքարի խոսքով՝ զոհերի թվում հինգ գրոհային և մեկ զինվոր կա:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Սոմալիում գործող «Ալ-Շաբաաբ» ահաբեկչական խմբավորումը:
Մոգադիշոյի ոստիկանապետը տեղեկացրել է, որ ականապատ մեքենան պայթեցվել է երկրի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող գլխավոր անվտանգության անցակետի մոտակայքում:
Պայթյունից հետո զինված գրոհայինները մեքենայից կրակ են բացել պալատի ուղղությամբ և հանդիպել նախագահական պահակախբմի դիմադրությանը, որից հետո հրաձգությունը դադարել է: Րոպեներ անց երկրորդ մեքենան է պայթել նորաբաց հյուրանոցի մոտակայքում:










