Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն ամենաբարդն է աշխարհում. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն առկա բոլոր միջազգային խնդիրներից ամենախճճվածն ու բարդն է, գրում է korrespondent.net-ը։
«Իսրայելի ու պաղեստինցիների դեպքում մենք պետք է մշակենք բոլոր գործարքներից ամենաբարդը»,- ասել է նա։
Ամերիկացի առաջնորդը հավաստիացրել է, որ նախկինի պես բացարձակապես ճիշտ է համարում Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին իր որոշումը՝ չնայած շատ երկրների քննադատությանը։
Թրամփը նաև հույս է հայտնել, որ իր փեսա և խորհրդական Ջարեդ Քուշներին կհաջողվի առաջ շարժվել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի լուծման հարցում։
ԱՄՆ Պետքարտուղարությունն ուրբաթ հաստատել էր ամերիկյան վարչակազմի՝ մայիսին Երուսաղեմում նոր դեսպանատուն բացելու ծրագրերը: «Մայիսին Միացյալ Նահանգները նախատեսում է նոր դեսպանություն բացել Երուսաղեմում: Բացման արարողությունը կհամընկնի Իսրայելի 70-ամյակի հետ»,-ասվել է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք:










