«Բոկո Հարամի»-ի հարձակումից հետո Նիգերիայի դպրոցներից մեկից 104 աղջիկ է անհետացել. CNN
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների՝ Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող դպրոցներից մեկի վրա հարձակումից հետո անհետացել է 104 աղջիկ, հայտնում է CNN-ը՝ աշակերտուհիներից մեկի հորը վկայակոչելով:
Վերջինս CNN-ի հետ զրույցում մանրամասնել է, որ իր 16-ամյա աղջիկը 104 առևանգվածի շարքում է:
Հայտնի է, որ հարձակումն ու առևանգումը տեղի է ունեցել Դապչի փոքր քաղաքում:
Նիգերիայի իշխանությունները դեռևս չեն հրապարակել անհետ կորածների պաշտոնական ցանկը: Իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով անհետացել է 50 աղջիկ:
Երկրի նախագահ Մուհամադու Բուհարին խոստացել է աշակերտուհիների ընտանիքներին, որ նրանք անպայման գտնվելու են, իսկ առևանգողներն էլ պատասխնատվության են ենթարկվելու: Բուհարին ընդգծել է, որ կատարվածը «համազգային ողբերգություն է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Բոկո Հարամ»-ը 2014թ. ապրիլին Չիբոկ քաղաքի դպրոցներից մեկից առևանգել էր մոտ 300 աշակերտուհու: Նրանցից 200-ը տևական բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել, սակայն մնացած 100-ի մասին առայսօր տեղեկություն չկա:










