Վատիկանում տեղի ունեցավ Հռոմի պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը (տեսանյութ, լուսանկարներ)

14:19 • 05.04.18

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:  

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։ 



Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: 

Նախագահի հրամանագրերով դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ Մարիամ Երեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար բարերար Սմբատ Կարապետյանըպարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության Սենատի Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, սենատոր Ալդո դի Բիաջոյին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Գրիգոր Նարեկացու մասին

Գրիգոր Նարեկացին եղել է միստիկ բանաստեղծ, հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա  և սուրբ (951-1010). Նա հայոց պատմության առանցքային, գրեթե հերոսական դեմքերից է համարվում, քանի որ կերտել է արևելյան քրիստոնեական մտքի հիմնասյուները։ Որոշ առումներով, մտավոր տեսանկյունից նրան կարելի է համեմատել Դանթե Ալիգիերիի հետ և այս պատճառով գիտնականները նրան համարում են բացառիկ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ 

2015 թվականի ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապը առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ինչպես նաև Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէս Պետրոս ժԹ Կաթողիկոսի ներկայությամբ։

Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։ Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։ 

Գրիգոր Նարեկացին փոքրուց հարուստ ուսում էր ստացել հոգևորական վարդապետ Անանիայից, որի շնորհիվ ծանոթացել էր հույն և արևելցի սուրբ հայրերի նշանավոր ստեղծագործություններին, և կարողացել ամենօրյա աղոթքը սնել սուրբ գրերի ոգով։ Նա իր կյանքն անց է կացրել ուսման, աղոթքի, այլոց կրթելու գործի մեջ՝ խորհրդածելով բնության մասին։ Իր ուսումնասիրությունների արդյունքում ստացած ավանդական գիտելիքը նա վերաշարադրեց քրիստոնեության պատմության մեջ նշանավորված բանաստեղծական վեհ լեզվով։ 

Մահից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու մարմինն ամփոփվեց Նարեկա վանքում, որտեղ նա ապրել էր և որն իսկույն դարձավ սրբավայր՝ ի ճանաչումն նրա սուրբ կյանքի և հարուստ հոգևոր ժառանգության։

Գրիգոր Նարեկացու ամենանշանավոր աշխատությունը Մատյան Ողբերգությանն է, բանաստեղծության տեսքով գրված 95 աղոթքների հավաքածուն, որը բոլոր ժամանակների պոեզիայի և միստիկ գրերի մեծագույն գլուխգործոցներից մեկն է։ Գիրքը պատմում է հոգևոր ճանապարհորդության մասին, որի կենտրոնում մարդու հոգին է՝ իր վախերով, բարձր ձգտումներով և Աստծո հավատի քաղցով։ Դա մի վեհ բանաստեղծություն է, որը, ողբ լինելով հանդերձ, ի զորու է շահել Աստծո ողորմածությունը։ Այն ոչ թե լաց է, այլ խթան, որը հոգուն ճախրելու թևեր է տալիս։ 

Քանդակագործի մասին

Դավիթ Երևանցին մեր ժամանակների հայ նշանավոր արվեստագետներից է։ Ծնվել է 1940 թվականին Երևանում, ուսանել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, որտեղ զարգացրել է քանդակագործի իր առանձնահատուկ ոճը՝ հիմնված անտիկ ավանդույթների ժամանակակից վերամարմնավորման վրա։ 1974 թվականին բնակություն է հաստատել Փարիզում։ Ներկայումս ապրում և աշխատում է Փարիզում և Երևանում։ 

Երևանցին Փարիզի, Մոսկվայի, Պրահայի և Երևանի պատկերասրահների հավաքածուներում ներառված իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Չեխիայի Հանրապետությունում և այլ երկրներում։ 1960-ից 70-ական թվականներին նրա կերամիկական էքսպերմենտալ աշխատանքներն արժանացել են տարբեր մրցանակների։ Երևանցու քանդակագործական ամենահայտնի աշխատանքների թվում է հայ կոմպոզիտոր Կոմիտասի արձանը Փարիզում, ինչպես նաև հայկական ծագումով ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում։










Վատիկանում տեղի ունեցավ Հռոմի պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը (տեսանյութ, լուսանկարներ)