«Սև հովազ» ֆիլմը ներառվել է հյուսիսամերիկյան կինովարձույթի 3 ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում

14:54 • 09.04.18

Marvel Comics-ի «Սև հովազ» ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում մեկուկես ամիս գտնվելու ընթացքում հավաքել է 665.4 մլն դոլար՝ ներառվելով հյուսիսամերիկյան կինովարձույթում երբևէ ներկայացված ամենաշահութաբեր ֆիլմերի լավագույն եռյակում: 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմը նույնիսկ առաջ է անցել եռյակում իր հաստատուն դիրքը զբաղեցրած «Տիտանիկ»-ից (659.4 մլն դոլար):

Հայտնի է, որ ռեժիսոր Ռայան Քուգլերի ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1.29 մլրդ դոլար: Անցած հանգստյան օրերին այն համաշխարհային կինովարձույթում հավաքել է 4.5 մլն դոլար, իսկ հյուսիսամերիկյանում՝ 3.9 մլն դոլար:

Աղբյուրը հավելում է, որ ֆիլմում նկարահանվել են Լյուպիտա Նիոնգոն, Անջելա Բասեթը, Ֆորեսթ Ուիթաքերը:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվել են երկնաքարի համար, որը պարունակել է վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր:

«Սև հովազ» ֆիլմը ներառվել է հյուսիսամերիկյան կինովարձույթի 3 ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում