Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացվում է)

11:06 • 25.04.18

16:51 

Ես հիմա ձեր թույլտվությամբ երկու ժամով հեռանում եմ իմ գործերով` մի քանի կարևոր հանդիպումներ ունեմ: Այս մասին հրապարակում հայտնեց Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ հանրահավաքը մեկնարկում է ժամը յոթին: «Ելույթ կունենամ և ասելիքների, անելիքների մասին կասեմ, շատ բան ասելու չկա, մենք հաղթել ենք և վերջ»,-ասաց նա և նշեց,  որ հրապարակում ժամը վեցին համերգ է նախատեսված:

«Ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում զանգվածային ցույցեր`Գյումրիում, Իջևանում, Նոյեմբերյանում, Բագրատաշենի մաքսատունը փակել են: Կողբ համայնքը, որը ամենամեծ համայնքներից մեկն էր, համայնքի ղեկավարի ստորագրությամբ միացել է մեր թավշյա հեղափոխությանը: Մենք ունենք մի պայման` ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլյացիա»,-ասաց նա:

16։44

Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Էրեբունի վարչական շրջանում պտտվելուց հետո այժմ ուղղություն է վերցրել Տիգրան Մեծ պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ:

15։44

Ցուցարարները երկկողմ փակել են նաև Սևան-Երևան միջպետական ճանապարհը:

Բողոքի գործողության մասնակիցները հայտարարում են, որ ճանապարհը կբացեն եթե հրաժարական ներկայացնեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն և Կարեն Կարապետյանը: 

Նշենք, որ ոստիկանության և մարզպետարանի ներկայացուցիչները չկան մայրուղու փակված հատվածում:

14:43

Չարբախ տանող ճանապարհները քաղաքացիները ևս փակել են: Դրանք փակվել են բեռնատարներով, մարդատար մեքենաներով: Շիրակի փողոցում երթևեկությունն ընդհանրապես կանգնած է:

14:34

Ոստիկաները փորձում էին բացել «Դալմա մոլին» հարակից փակ ճանապարհները: Պատճառաբանում էին, թե իրենք աշխատանքի են ցանկանում գնալ: Ճանապարհը փակողներն էլ նշեցին՝ մինչև չնստեք մեքենաները, ճանապարհը չենք բացի: Ոստիկանները մի փոքր դիմադրությունից հետո համաձայնեցին առաջարկի հետ:

Նշենք, որ այստեղ ճանապարհը փակողները հիմնականում «Դալմա» մոլի աշխատակիցներն են:

14։03

Փակ են նաև Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից փողոցները: Դրանց մի մասը փակվել են բեռնատարներով, քաղաքային տրանսպորտային միջոցներով:


13:50

Վանաձորում ևս քաղաքացիները բողոքի ցույցեր են իրականացնում այստեղի Հայքի հրապարակում: «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հետ զրույցում ցուցարար երիտասարդներից մեկն ասաց, որ սովորում է Վանաձորի պետական համալսարանում: Նա կոչ արեց, որ իրենց դասախոսները ևս միանան բողոքին, նշեց, որ արդեն մի քանի դասախոսի տեսել է հրապարակում:

Այստեղ հավաքվածները հիմնականում ուսանողներ են:




13:38

Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները դադար տվեցին Խորենացի փողոցում, որպեսզի հանգստանան: Էրեբունի համայնքի բնակիչները հյուրասիրեցին երթի մասնակիցներին:



13:37

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և պահանջում են, որ կառավարությունը մեկ ժամից լքի իշխանությունը:

Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե չհեռանան, ապա իրենք պատրաստվում են մնալ այստեղ, նստացույց անել: Նա նաև դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ հանկարծ իրենք մասին վատ կարծիք չունենան, իսկ հավաքվածներին կոչ արեց՝ մեջքով կանգնել կառավարությանը՝ ի նշան արհամարհանքի:


13։27 

Քաղաքացիները փակել են Բարեկամության մետրոյի հարակից փողոցները: Այստեղ երթևեկությունը կանգնած է, չի գործում նաև քաղաքային տրանսպորտը: 

Ցուցարարները բացեցին ճանապարհը միայն թաղման թափորի համար: Տարածքում ոստիկանություն չկա: 

«Դալմա մոլին» հարակից ճանապարհը ևս փակ է: Այստեղ ցուցարարներն իրենց մեքենաներով են փակել ճանապարհը:

13։26

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը azatutyun.am-ի հետ զրույցում նշեց, որ կա մի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի հեռանում և որևէ բան տեղից առաջ չի շարժվում: Նա նշեց, որ հիմա պետք է համակարգային պայքար տանել, որ համակարգը փոխվի: 

«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե կա նման հնարավորություն: 

Էդմոն Մարուքյանն ասաաց, որ «Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը միասին 40 մանդատ ունեն, և կարծում է, որ 13 մանդատ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կարող են ստանալ:

13։01

Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները շարժվում են Խորենացի փողոցով: Երթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի մի քանի դպրոցներ հայտարարել են դասադուլ, Ապարանի մայրուղին նույնպես փակված է, և Քաջարանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ:



12։26 

Սա ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է: Այս մասին հայտարարելով՝ Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները շարժվում են դեպի Ալեք Մանուկյան փողոց: 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արթիկ քաղաքում բազմահազարանոց հանրահավաք է: Երթին միացավ նաև Սասուն Միքայելյանը: 








12։00 

Ոստիկանությունը զրահատեխնիկա, փշալարեր տեղափոխող մեքենաներ, ոստիկանական ուժեր և այլ տեխնիկա տեղափոխեց Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակը: 

Այստեղ կան նաև ոստիկանական ուժերի կուտակումներ: Ոստիկանությունը սկսեց շրջափակել  նաև Կառավարության գլխավոր շենքը:







11։55

Ճանապարհային ոստիկանությունը փակել է դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը՝ Մանկավարժական համալսարանի տարածքից: Ըստ նրանց՝ ճանապարհը փակ է միայն մեքենաների համար:

Ցուցարարները, շրջանցելով ոստիկանական մեքենաները, ոտքով քայլեցին հրապարակ:







11։52

ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, ես իրենց խորհուրդ եմ տալիս դա չանել. Նիկոլ Փաշինյան 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ժամանակի վրա է խաղում, և ես իրենց խորհուրդ եմ տալիս դա չանել: Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` ՀՀԿ-ն ցանկանում է փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և մտածում են, որ ժողովուրդն այդքան միամիտ է, որ կհամաձայնվի մի հանրապետականին մի ուրիշ հանրապետականով փոխարինել:

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, թե ինչ ենք մենք ասում՝ վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»,-ասաց նա և նշեց, որ այդ թեկնածուն հնարավոր է լինի «Ելք»-ի թեկնածուն:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ն իշխանություն չէ և չպետք է լինի: Նա նշեց, որ եթե ՀՀԿ-ն անցկացնի արտահերթ ընտրություններ, կարծում է՝ իրենց առաջին ռեակցիան այն կլինի, որ ակտիվ կբոյկոտեն, և այդ ընտրությունը չեն կայանա:  

«Ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրեն»,-ասաց նա:



11։42

Հանրապետության հրապարակին հարող տարածքում՝ Վազգեն Սարգսյան փողոցում ցուցարարները փակել են ճանապարհը:  

Ոստիկանությունը բանակցում է նրանց հետ, որ բացեն ճանապարհը, որ այստեղ կայանած զրահատեխնիկան առաջ շարժվի:




11:35

Հանրապետական կուսակցությունը և Կարեն Կարապետյանը փորձում են ժողովրդի ձեռքից խլել հաղթանակը. մենք հստակ հայտարարում ենք, որ դա թույլ չենք տալու. այս մասին երթի ընթացքում Մաշտոցի պողոտայում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի՛ ժողովուրդ, դուրս արի փողոց և տեր կանգնիր քո իրավունքին, դուրս արի փողոց և տեր կանգնիր քո իրավունքին և ուրեմն` ՀՀԿ հեռացիր»,-կոչ էին անում երթի մասնակիցները:



11:22

Հրապարակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսօրվա անելիքները:

«Ժամը արդեն 11:15 է, բայց Արաշկունյանց պողոտան, Գարեգին Նժդեհ հրապարակը փակ է, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը փակ է, Մարտունից երկու հարյուր մեքենայով ավտոերթով գալիս է Երևան»,-հայտնեց նա:

Նա նշեց, որ իրենք երթով կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա, կանեն երթեր, իսկ վերջում կհանդիպեն հրապարակում` հանրահավաքին: Նշենք, որ զուգահեռ ոստիկանների թիվը ավելանում է:
 

11:06

Աբովյան փողոցում մեկնարկեցին բողոքի ակցիաները: «Միացեք», «Ազատ, անկախ, ուսանող» կոչերով երթի մասնակիցները շարժվում են Աբովյան փողոցով, երթի մասնակիցների թվում են նաև Բժշկական համալսարանի և այլ բուհերի ուսանողները, որոնք դասադուլ են հայտարարել:

Նշենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր ժամը 11–ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները, իսկ ինքը  այդ ժամին կլինի Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։