Քննարկել ենք, բայց վերջնական որոշում չկա. Տիգրան Ավինյանն այն մասին, թե ունե՞ն արդյոք ստվերային կաբինետ
Tert.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը հպանցիկ անդրադարձել է վաղը ԱԺ հատուկ նիստին խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթ-ծրագրի բովանդակային կետերին, նաև հարցին, թե ունե՞ն արդյոք ստվերային կաբինետ:
-Պարո՛ն Ավինյան, Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա նախընտրական ծրագրով: Մի քանի տեխնիկական մանրամասն ճշգրտենք՝ արդյո՞ք նախընտրական-ելույթում ներառված են լինելու Նիկոլ Փաշինյանի՝ «Թավշյա հեղափոխության» ընթացքում ելույթների ու հայտարարությունների տեսքով բարձրաձայնած թեզերը, թե՞ «Քաղաքացիական պայմանագրի» կամ, միգուցե, «Ելք»-ի՞ ծրագրից թեզեր, տեսլականներ:
-Դա այն է լինելու, ինչի մասին արդեն շատ խոսել ենք, մի քիչ ավելի բացված:
-Բայց ՝ «այն է լինելու, ինչի մասին արդեն շատ խոսել եք» այս օրերի՞ ընթացքում, թե ՞ավելի վաղ ժամանակաշրջանից՝ ՔՊ-ի, «Ելք»-ի ծրագրային թեզերի մասով:
- Անկեղծ ասած՝ այս կառավարության ձևավորման ամբողջ իմաստն ու նպատակը մեկն է՝ կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Հիմա, կարծում եմ, պարոն Փաշինյանը հիմնականում այդ մասով է խոսելու, չնայած չի բացառվում, որ մեր ծրագրային դրույթների մասով ևս խոսի, և կարծում եմ՝ հիմնական ուղղությունները երկրի ապագայի հետ կապված խնդիրներն են, որոնք բարձրաձայնվել են:
-Պարո՛ն Ավինյան, ռուսաստանյան Взгляд-ն այսօր գրել է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է ամեն ինչից, բացի ղարաբաղյան հարցի կարգավորումից: Ունե՞ք մեկնաբանություն:
-Взгляд-ը կարծես թե լավ չի հետևում պարոն Փաշինյանի հրապարակային հայտարարություններին: Մենք շատ ու շատ անգամ ենք խոսել ղարաբաղյան խնդրից, և կարծում եմ, որ վաղը նույնպես ղարաբաղյան խնդրի լուծման մասին պարոն Փաշինյանը կխոսի:
-Չգիտեմ՝ որքանով եք լիազորված իմ հաջորդ հարցին պատասխանելու համար, բայց արդեն ունե՞ք ստվերային կաբինետ:
-Դեռևս վերջնական նման հարց չունենք: Ունենք որոշակի մտքերի փոխանակություն, բայց դեռևս չկա վերջնական որոշում:
-Իսկ առնվազն առանցքային պաշտոնների համար՝ ԱԳ, պաշտպանության նախարար, ունե՞ք թեկնածուներ:
-Նախնական, ինչպես նշեցի, մտքեր փոխանակել ենք այդ հարցով, բայց դեռևս որոշումներ չունենք:
-Իսկ այդ անձինքն՝ թեկնածուները, տեղյա՞կ են։
- Եկեք մնամ իմ նախորդ մեկնաբանության շրջանակներում:










