Գյումրու ավագանու երկու անդամները հեռացվել են ԲՀԿ խմբակցությունից՝ Ս. Բալասանյանի կազմակերպած կրկեսին մասնակցելու համար. Ն.Զոհրաբյան
Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից հեռացրել են այն երկու անդամներին, ովքեր «Բալասանյան դաշինքի» 10 անդամների հետ մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Գյումրու ավագանու « Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկու ավագանիները՝ Գրիգոր Մաթևոսյանը, ով նաև ԲՀԿ անդամ էր, և Արտյոմ Ղարաղազարյանը հեռացվել են Գյումրու ավագանու ԲՀԿ կազմից, իսկ Գրիգոր Մաթևոսյանը նաև ԲՀԿ շարքերից, Սամվել Բալասանյանի կազմակերպած կրկեսին մասնակցելու և աջակցելու համար»,-ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները նախաձեռնել էին գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Նրանք քաղաքապետի նոր թեկնածու էին առաջարկել Տիգրան Հովհաննիսյանին, սակայն քվեարկության ժամանակ մերժեցին իրենց առաջադրած թեկնածուին և դեմ քվեարկեցին:










