Բջջային հեռախոսները պետք է անջատել երեկոյան ժամը 10-ին՝ առողջ քուն ունենալու համար. հետազոտություն
The Times-ի «Առողջություն» բաժնի խմբագիր Քրիս Սմիթն անդրադարձել է երեկոյան ժամերին հեռախոսներից օգտվելու ազդեցությանը մարդու ինքնազգացողության ու քնի ռեժիմի վրա՝ մեջբերելով համապատասխան հետազոտության արդյունքները:
«Քնի խանգարումների և ընկճախտի ու դժբախտ լինելու զգացողության միջև կապի մասին խոշորագույն հետազոտության հեղինակի խոսքով՝ բջջային հեռախոսները չպետք է օգտագործել երեկոյան ժամը 10-ից հետո», - ասել է Սմիթը:
Նրա խոսքով՝ այս հետազոտությունը կենսաբանական ժամացույցի խանգարման լայնամասշտաբ ուսումնասիրության առաջին փորձն է՝ շարժական հետևող սարքերի միջոցով:
Նշվում է, որ այս հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են միջին տարիքի մոտ 91 հազար մարդու տվյալներ: 25 մարդուց մեկի մոտ ոչ նորմալ տվյալներ են եղել. նրանց ցերեկային ակտիվությունն ավելի բարձր չի եղել գիշերային ակտիվությունից:
«Սա քնի շատ վատ պրակտիկայով մարդիկ էին: Մարդիկ, որոնք կեսգիշերին բջջային հեռախոսով մտնում են Facebook կամ թեյ որոշում խմել», - նշել է հետազոտական թիմի ղեկավար Դանիել Սմիթը:
Հոդվածում ասվում է, որ այս մարդիկ 6 տոկոսով ավելի շատ են հակված ընկճախտ ունենալուն և 11 տոկոսով ավելի շատ՝ երկբևեռ խանգարում ունենալուն: Այս մարդիկ 9 տոկոսով ավելի ցածր են գնահատել իրենց երջանկության զգացողությունը՝ համաձայն հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են The Lancet Psychiatry-ում:
Պրոֆեսոր Սմիթի խոսքով՝ երեկոյան ժամը 10-ին հեռախոսն անջատելը թույլ կտա միջին վիճակագրական մեծահասակին հանգստանալ քնելուց առաջ:









