Բացահայտվել է հանգստյան օրերին երկար քնելու օգտակարությունը

09:11 • 25.05.18

Հանգստյան օրերին երկար քնելը կարող է «փոխհատուցել» աշխատանքային օրերի քնի պակասը՝ նվազեցնելով վաղաժամ մահվան վտանգը: Այս եզրակացության եկել է Ստոկհոլմի համալսարանի գիտնականների խումբը: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal Sleep Research ամսագրում:

Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է ավելի քան 38 հազար մեծահասակ, որոնք զեկուցել են աշխատանքային ու հանգստյան օրերին քնի տևողության մասին:

Գիտնականները վերլուծել են այս տվյալները 13 տարվա ընթացքում՝ նշելով նաև այլ ցուցանիշներ՝ մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորությունները և այլն:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրական հինգ ժամից պակաս քնող մինչև 65 տարեկան մարդկանց մոտ վաղաժամ մահվան վտանգն ավելացել է 65 տոկոսով՝ այն մարդկանց համեմատ, որոնք քնել են օրական 6-7 ժամ:

Հատկանշական է, որ հանգստյան օրերին երկար քնող մարդկանց մոտ ցուցանիշները հավասարվել են նորմալ քնող մարդկանց ցուցանիշներին:

Գիտնականների խոսքով՝ չափազանց երկար քունը (9 ժամից ավելի) անառողջ է և նույնպես մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը:

Բացահայտվել է հանգստյան օրերին երկար քնելու օգտակարությունը