Էներգետիկ կախում ունեցող երկրներին Մոլդովան իր փորձով հուշում է՝ կայուն, էժան և մաքուր էներգիան մեր կողքին է

20:25 • 01.06.18

Զուգահեռներ Հայաստանի և Մոլդովայի միջև

Նախկին խորհրդային երկրներից Հայաստանը և Մոլդովան շատ ընդհանրություններ ունեն՝ բնակչության թվի տարբերությունը շատ քիչ է՝ Հայաստանը՝ գրեթե 3 մլն, Մոլդովան մի փոքր ավելի՝ շուրջ 3,3 մլն: Երկրների ընդհանուր տարածքներն էլ համեմատաբար փոքր են՝ Մոլդովա՝ 33,843 կմ², Հայաստան՝ 29,743 կմ²: Թե՛ Հայաստանը, թե՛ Մոլդովան դեպի ծով ելք չունեցող պետություններ են, որտեղ չկան բնական էներգետիկ ռեսուրսներ: Փոխարենը երկու երկրներում էլ բնակչության բավական մեծ տոկոս զբաղվում է գյուղատնտեսությամբ և հողագործությամբ:

Հետխորհրդային այս երկու երկրներում ցածր է կենսամակարդակը, և բավական մեծ են արտագաղթի տեմպերը: Բյուջեի մեջ մեծ տեղ են զբաղեցնում դրսից ստացված գումարները: Փոքր եկամուտ ունեցող ընտանիքները, որոնք երկու երկրներում էլ բնակչության զգալի մասն են կազմում, ձմռանն իրենց ամսական եկամտի մոտ 40 տոկոսը հատկացնում են կոմունալ վճարներին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիային և գազի սպառմանը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում փնտրում են էներգետիկ կախվածությունը մեղմելու և այլընտրանքի ուղիներ






Թե՛ Հայաստանը, թե՛ Մոլդովան առավելապես կախված են ռուսական գազից: Եթե Հայաստանի դեպքում ռուսական գազը ստացվում է համեմատաբար ցածր սակագնով (սահմանին 1000 խմ-ն՝ 150 դոլար)՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամակցության փաստը, թեև բնակիչներին է հասնում շատ ավելի բարձր գնով՝ մոտ 290 դոլարով, եվրոպական ուղին ընտրած Մոլդովային 1000 խմ գազը վաճառվում է մոտ 250 դոլարով: Երկու հետխորհրդային երկրներն էլ վերջին տարիներին ուղիներ են փնտրում էներգետիկ կախվածությունը ռուսական գազից նվազեցնելու ուղղությամբ: Հայաստանի դեպքում անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ է Հայկական ատոմակայանը, որն ապահովում է ներքին սպառման 40%-ը: Սակայն գործող էներգաբլոկը չի կարող ընդմիշտ աշխատել. նրա շահագործման ժամկետի՝ ևս 10 տարով երկարաձգումից հետո նախատեսվում է ապագործարկել այն: Վերջին երկու տարում Հայաստանի կառավարությունն աշխատանքներ է տանում՝ համոզված լինելով, որ վերականգնվող էներգետիկան կարող է իսկապես այլընտրանք լինել Հայկական ատոմակայանի համար: Հայաստանում արևային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է:

Մոլդովան մի քանի քայլ առաջ է այլընտրանքային էներգետիկայի զարգացման հարցում: Հաշվի առնելով, որ Մոլդովայում վերականգնվող էներգիայի ամենահասանելի աղբյուրը կենսազանգվածն է, հենց այդ ուղղությամբ էլ երկիրը, Եվրոպական միության աջակցությամբ, իրականացրել է EU4Energy նախաձեռնությունը՝ դրանով հետևողականորեն ապահովելով կայուն և անվտանգ էներգիայի այդ աղբյուրը:

EU4Energy նախաձեռնությունը տարածաշրջանում աջակցում է վերականգնվող էներգիայի հնարավորությունների օգտագործմանը




Տնտեսական զարգացման համար էներգետիկ անկախությունը, ինչպես նաև էներգիայի հուսալի և արդյունավետ մատակարարման զարգացումն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը Եվրոպական միության կարևոր ծրագրերից են, որոնք իրականացվում են EU4Energy նախաձեռնության միջոցով: ԵՄ ամբողջական աջակցությունը EU4Energy ծրագրին իրականացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագիրը ֆինանսավորողները վստահ են, որ երկարաժամկետ հեռանկարում այս աջակցությունը էներգիայի մատակարարումը կդարձնի ավելի հուսալի, թափանցիկ և հասանելի՝ նվազեցնելով էներգետիկ աղքատության մակարդակը և էլեկտրաէներգիայի վարձավճարները ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնավոր հատվածի համար:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի լրագրողների համար պրես-տուր էր կազմակերպվել Մոլդովա, որը հնարավորություն տվեց ծանոթանալու «Էներգետիկայի և կենսազանգվածի» նախագծի արդյունքներին: Նախագծի իրականացման ընթացքում կուտակված փորձը հարևան երկրների համար, որտեղ կենսազանգվածի առաջխաղացումը նոր է մեկնարկում, կարևոր նշանակություն կարող է ունենալ:

Մոլդովայում «Էներգետիկայի և կենսազանգվածի» նախագծի արդյունքները լավագույն օրինակ կարող են դառնալ Հայաստանի և մյուս երկրների համար



Եթե Հայաստանում կենսազանգվածը՝ որպես էներգիայի աղբյուր, քչերին է ծանոթ, ապա Մոլդովայի ցանկացած բնակիչ տեղյակ է դրա օգտագործման եղանակներից ու օգուտներից: Մոլդովայում էներգիայի այս աղբյուրը հատկապես վերջին տարիներին մեծ տարածում է գտել՝ շնորհիվ EU4Energy նախաձեռնության կողմից «Էներգետիկայի և կենսազանգվածի» նախագծի, որն իրականացվում է 2011թ.-ից: Հաշվի առնելով, որ Մոլդովան ագրարային երկիր է, երկրի բուսածածկույթը և գյուղատնտեսական ոլորտը կենսազանգվածից էներգիա ստանալու համար մեծ պաշար են հանդիսանում: Բիոզանգվածի համար տեսականի են ինչպես փայտի մնացուկները, այնպես էլ բերքի մնացուկները՝ եգիպտացորենի ցողունը, արևածաղկի սերմի կեղևները, հացահատիկի ծղոտը, խաղողայգիների կտրտած ճյուղերը, եղեգը և այլն: Այդ թափոնները համապատասխան ջերմային մշակումից հետո դառնում են բրիկետներ և տաշեղներ՝այրվելով գործարկվող կաթսայատներում և ապահովելով էներգիա:

Մոլդովայի յոթնամյա հաջողությունները կանաչ էներգիայի ոլորտում





«Էներգետիկայի և կենսազանգվածի» ծրագրի պատասխանատուները փաստում են, որ Էներգետիկ անվտանգության հարցը թերևս շատ ավելի սուր է Մոլդովայում, քան հետխորհրդային մյուս երկրներում: Ըստ նրանց՝ Մոլդովան Ռուսաստանի Դաշնությունից ներմուծում է տարեկան շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ դրա դիմաց ամեն տարի վճարելով 300 միլիոն դոլարից ավելի: Յոթ տարիների ընթացքում փուլ առ փուլ իրականացված «Էներգետիկայի և կենսազանգվածի» նախագծի շնորհիվ 300 միլիոն դոլարի շուրջ 13 տոկոսն այլևս մնում է երկրում, քանի որ գնալով բնակչությունը հաստատակամորեն հրաժարվում բնական գազից և անցում կատարում էներգիայի բնական աղբյուր հանդիսացող բիոզանգվածի օգտագործմանը:

Էներգետիկայի և կենսազանգվածի նախագծի հաղորդակցության և հանրության հետ կապերի մասնագետ Ինա Պրիսակարու-Զգլավուցան, թվարկելով կայուն և էժան կանաչ էներգիայի առավելությունները, նշում է, որ բիոզանգվածից սեփական էներգիայի արտադրման դեպքում գումարները մնում են երկրում՝ նպաստելով նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը: Մասնագետների հաշվարկով՝ խնայած այդ գումարներով տարեկան կարելի է կառուցել 7 մանկապարտեզ: «Եթե 2011թ.-ին Մոլդովան իր ներքին սպառման էներգիայի 98%-ը ներկրում էր, ապա 2016թ.-ին արդեն ներկրում է էներգիայի 85%-ը: Ներկա պահին Մոլդովայում օգտագործվող էներգիայի 15%-ը ստանում են վերականգնվող էներգիայից աղբյուրներից, որի հիմանական մասը բաժին է ընկնում բիոզանգվածին»,-ասում է նա:

Ինա Պրիսակարու-Զգլավուցայի խոսքով՝ վերականգնվող այս էներգիան շահեկան է, քանի որ ոչ միայն կարողանում են ծախսված էներգիայի համար 20-40% խնայել, այլ համաչափ ջեռուցում ապահովել: Տնտեսական կայուն զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու ներդրումների ներգրավմանը նպաստելուց բացի բիոզանգվածից ստացվող էներգիան շրջակա միջավայրը չի աղտոտում:



Մասնագետների գնահատմամբ՝ երկիրը տարեկան 1 մլն 740 հազար տոննա բիոզանգվածի պաշարից կարող է ստանալ 5.768.480 ՄՎտժ էներգիա, ինչն էլ բավական է ամբողջ երկրի դպրոցները, մանկապարտեզները, համայնքապետարաններն ու հիվանդանոցները 100 տոկոսով ջեռուցելու համար:

«Էներգետիկայի և կենսազանգվածի» ծրագրի շնորհիվ արդեն ավելի քան 249 դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում և հիվանդանոցներում տեղադրվել են կենսազանգվածի ջեռուցման համակարգեր, որոնց շնորհիվ ջեռուցումն ավելի արդյունավետ և կրկնակի էժան է: Կենտրոններից 48-ը համալրված են նաև արևային ջրատաքացուցիչներով: Բացի պետական հիմնարկներից, իրենց տներն ու կառույցները կանաչ էներգիայի միջոցով ջեռուցում են ավելի քան 1000 տնային տնտեսություններ և միկրոտնտեսություններ: Ավելի քան 1000 ընկերություններին և տնային տնտեսություններին խրախուսելու համար բիոէնեգիայից օգտվելու համար տրվել են արտոնյալ վարկեր: Նրանք միայն ԵՄ միջոցներից ստացել են 500-ից մինչև 1.300 եվրո՝ կախված ընտրված տեխնոլոգիայից:

Ընդհանուր առմամբ Մոլդովայում արտադրվող կանաչ էներգիայից օգտվողների թիվը հասնում է 194,000-ի: Համայնքներում ստեղծվել է ավելի քան 600 նոր աշխատատեղ: Շուրջ 35 ազգային ընկերություններ արտադրում են կենսազանգված:

35 ընկերությունների թվում է նաև «Ecobricheta» ընկերությունը, որի արտադրական գործարանը գտնում է Մոլդովայի Բելց քաղաքում: 2008թ.-ին ամուսիններ Լյուդմիլա Աբրամչուկը և Իվան Դամասկին հիմնել են իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսը՝ թափոններից արտադրելով կենսավառելիք: Արտադրամաս այցելած լրագրողներին սեփականատեր ամուսինները պատմեցին՝ գործունեության մեկնարկից գրեթե մեկ տասնամյակ հետո ընկերությունը կարող է արտադրել օրական 20 տոննայից ավելի բրիկետներ ու տաշեղներ, ինչը բավարար է 80 դպրոցի ջեռուցման համար:




Լյուդմիլա Աբրամչուկը լրագրողների հետ զրույցում խոստովանում է՝ սկզբում դժվար էր, քանի որ Մոլդովայի բնակչությունը չափազանց թերահավատորեն էր վերաբերվում ոչ ավանդական վառելիքի օգտագործմանը, և միայն շնորհիվ տարվող քաղաքականությանն ու մասսայականացմանը, նրանց հաջողվեց բավական ընդլայնել ընկերությունը, նոր աշխատատեղեր բացել՝ նաև գյուղացիներից ընդունելով կենսազանգված: Զույգն ավելի ուշ դարձել է նաև «Էներգետիկայի և կենսազանգվածի» ծրագրի շահառու, ստացած արտոնյալ վարկերից նոր սարքավորումներ ձեռք բերել:

Սեփականատերերի խոսքով՝ արտադրված բիովառելիքի պահանջարկը ջեռուցման շրջանում նույնիսկ չի բավականացնում և այդ ժամանակ հազիվ են բավարարում պայմանագրով նախատեսված պարտավորությունները շուրջ 20 դպրոցների, մանկապարտեզների, քաղաքապետարանի և այլ տնտեսությունների մատակարարման համար:

Մոլդովայի Նիսպորեն քաղաքի մանկապարտեզի տնօրինությունը, որտեղ այցելեցին պրես-տուրի մասնակիցները, ներկայացրեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորված՝ մանկապարտեզի համար կառուցված կաթսայատունը, որի շնորհիվ համաչափ ջեռուցում է ապահովվում: Մանկապարտեզի տնօրենը նշեց, որ փոքրիկ երեխաներն այլևս պատճառ չունեն ձմռան ցուրտ ամիսների բացակայելու, քանի որ բոլոր սենյակները տաքացվում են համաչափ:




Նիսպորենի քաղաքապետ Գրիգորիյ Ռոբուն լրագրողներին տեղեկացրեց, որ իր քաղաքի մանկապարտեզը լավ օրինակ է ամբողջ քաղաքի համար: «Նույնիսկ մայրաքաղաք Քիշնևի շատ մանկապարտեզներ չունեն այնպիսի պայմաններ, ինչպիսին մեր քաղաքի մանկապարտեզում է: Սա տեղական ինքնակառավարման մարմինների և եվրոպական հիմնադրամների լավ համագործակցության արդյունք է»,-ասաց նա:




Ի դեպ, ծրագրի պատասխանատուները ծրագրի մեկնարկից հետո փուլ առ փուլ ներդրել են բոլոր անհրաժեշտ օղակները, որոնք կապահովեն կանաչ էներգիայի բնականոն զարգացումը: Մասնագիտական ուսումնական հաստատություններում «Կանաչ կրթություն դպրոցներում» դասընթացներ են անցկացվում: Բիլց քաղաքի ավագ դպրոցի աշակերտները ծանոթ են վերականգնվող էներգիա ստանալու բոլոր աղբյուրներին: Գնահատում են շրջակա միջավայրի համար մաքուր էներգիայի կարևորությունը և թե ինչպես պետք է անեն, որ էներգիան արդյունավետ օգտագործեն:



Ծրագիրն ապահովում է տեղեկատվության մասսայականացումը՝ անց են կացվում հասարակական միջոցառումներ, մեդիա ուսուցում, լրատվամիջոցների շրջագայություններ Մոլդովայի Էկո-էներգետիկայի մրցույթի և մրցանակաբաշխության արարողություններ:

Էներգետիկ կախում ունեցող երկրներին Մոլդովան իր փորձով հուշում է՝ կայուն, էժան և մաքուր էներգիան մեր կողքին է