Նախատեսում ենք 10-15 տոկոսով բարձրացնել դասախոսների աշխատավարձերը. Արամ Սիմոնյան
Երևանի պետական համալսարանում հաշվարկներ են արվում, որպեսզի բարձրացվեն դասախոսների աշխատավարձերը: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Վերջնական հաշվարկներ չկան, բայց նախատեսում ենք աշխատավարձերի 10-15 տոկոսի բարձրացում՝ շնորհիվ այն բանի, որ նախորդ տարիներին խնայողություններ ենք արել: Նախատեսում ենք նաև գիտահետազոտական աշխատանքների դիմաց վճարներն ավելացնել մինչև 50 տոկոսով, հիմա հաշվարկներ ենք անում: Մենք սա վաղուց էինք նախատեսում, իմանալով, որ վատ ժամանակներ են լինելու (2018 և 2019 թթ. 12-ամյա կրթական համակարգի ներդրման պատճառով քիչ դիմորդներ կան), ու սա նոր չէ, մենք մարտից էինք սրան նախապատրաստվել»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:
Անդրադառնալով այս օրերին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանքներին և
սոցիալական ցանցերում կենսագրության թարմացված դրվագներին, որտեղ որոշ վրդովված օգտատերեր ընդհուպ պահանջում էին զրկել նրան դիպլոմից՝ ասել է. «Գիտեմ, որ պետք է սովորած լինի հեռակա»:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը 1998–ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
Թե ինչպիսի՞ ուսանող է եղել Մանվել Գրիգորյանը՝ Արամ Գրիգորյանը չկարողացավ պատասխանել. «Լավ չեմ հիշում, ես այն ժամանակ անգամ պրոռեկտոր չէի»:
Իսկ իր առողջական վիճակի մասին հարցին Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ արյան ճնշումը չի կարգավորվում, բայց դեռ կուրսեր պետք է անցնի:
Հիշեցնենք, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության շրջանակում մայիսի 30-ին Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած իրադարձություններից հետո Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել էր, ինչի հետևանքով ակցիաները ժամանակավորապես դադարեցվել էին:
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության՝ մայիսի 29-ի բողոքի ակցիայի մասնակիցների ու ուսանողների հիմանական պահանջներն էին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, համալսարանում աուդիտի անցկացումը և ուսխորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր դադարեցումը:










