Ադրբեջանն արհամարհում է համանախագահող երկրներին, նրանք լուրջ անելիք ունեն. Տ. Բալայանը՝ Նախիջևանի սահմանին տիրող իրադրության մասին

12:56 • 02.07.18

Ադրբեջանը խոսում է անպատասխանատվության սկզբունքից՝ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: Լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով Նախիջևանում տեղի ունեցող զարգացումների՝ Ադրբեջանի կողմից այնտեղ արվող քայլերի մասին, այսպես արձագանքեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այս հարցը բարձրացնում ենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների և կազմակերպությունների  առջև: Կարծում եմ՝ համանախագահներն այնտեղ լուրջ անելիք ունեն, որովհետև չլսելով նրանց հորդորներին և չկատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ առաջին հերթին Ադրբեջանը արհամարհում է համանախագահող երկրներին»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք հարցը բարձրացվել է հարցը ՀԱՊԿ-ում, ինչ արձագանք են ստացել և ի՞նչ կարծիք ունեն այն փորձագիտական առաջարկի մասին, թե կարելի է ՀԱՊԿ միացյալ զորամիավորումներ տեղակայել Նախիջևանի հետ ՀՀ սահմանին՝ ավելի զսպելու համար Ադրբեջանի գործողությունները, Տիգրան Բալայանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար: Այդ սահմանին այլ երկրների զորամիավորումներ տեղակայելու կարիք չկա. այդ պարտականության կատարումը մեր զինված ուժերի վրա է, և մենք արդյունավետ ու վստահ իրականացնում ենք դա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– ասել էր Հովհաննիսյանը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է այրվում Նախիջևանում ադրբեջանական դիրքը: