Հարված Նախիջևանից. մենք պիտի նաև նման սցենարների պատրաստ լինենք. Արայիկ Հարությունյան

19:01 • 03.07.18

Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը խոսում է Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակից, Արցախի Հանրապետության պետական պաշտոններում տեղի ունեցած փոփոխություններից, ընթացիկ այլ թեմաներից։

- Պարո՛ն Հարությունյան, ինչպես մեկնաբանվեց, ռուսական պատվիրակության այցը, և, հետևաբար, 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքին լուսանկարահանվելը
պաշտոնական բնույթ չէր կրում և ոչ մի բան չի նշանակում: Բավարարվա՞ծ եք ռուսական կողմի այդ արձագանքից:

- Գիտե՞ք՝ Ռուսաստանը շահեր ունի Անդրկովկասում, ինչը չի թաքցնում, և այդ առումով կարելի է ցանկացած մասնավոր այցելություն համարել նաև պետության կողմից իրականացվող քաղաքականություն: Այսինքն՝այցը մի կողմից կարող է դիտվել մասնավոր, մյուս կողմից՝ այդ երկրում մասնավոր այցելություններն էլ ուղղորդվում են, և այն չի կարող լինել միայն մասնավոր:

-Այսինքն՝ պատասխանից բավարարված չեք: Հերթապահ խոսքեր:

-Իհարկե, և դա նույն պատասխանն է, ինչ վերաբերում է զենքի վաճառքին, այլ հարցերին: Մենք, այո՛, հասկանում ենք նրանց շահագրգռվածությունը՝տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենալ հարաբերություններ և թելադրողի դերում հանդես գալ:

-Պարո՛ն Հարությունյան, հունիսի 30-ից դրությունը լարված է. ադրբեջանական ԶՈՒ–երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը։ Այսուհանդերձ, իրարամերժ գնահատականներ են այս օրերին հնչում, որոշ փորձագետներ 2-րդ ճակատից պատերազմի իրական վտանգ են տեսնում, մյուսները՝ ոչ: Հնարավոր համարո՞ւմ եք պատերազմ Նախիջևանի կողմից:

-Մենք պետք է ընդհանուր առմամբ պատրաստ լինենք բոլոր ճակատներում. և՛ հակառակորդը, և՛ նրա վարած քաղաքականությունը մեզ ստիպում են մտածել մեր ողջ սահմանի մասին: Եվ չզարմանաք, որ թեժացումները լինեն հենց այդ հատվածից:

-Դուք նման բա՞ն եք կանխատեսում:

-Ոչ թե կանխատեսում եմ, այլ չեմ բացառում: Մենք պիտի նաև նման սցենարների պատրաստ լինենք:

-Նախիջևանից վտանգը կա միշտ, բայց ի՞նչն է, ըստ Ձեզ, հիմա նրանց ակտիվացրել:

-Տեսակետն այն չէ, որ պլանավորված է, թեև կարող է նաև այդպես էլ լինել, որ ինչ-որ մշակված սցենարի քայլերից մեկը լինի: Մյուս կողմից էլ, ճանաչելով նրանց, կարող եմ ասել, որ այնպես չէ, որ ամեն ինչ հատուկ գծված, մշակված է: Կարող է լինել նաև պահի թելադրանքով:

- Կա կարծիք, որ Արցախում ևս եղավ իշխանափոխություն: Առանցքային պաշտոններում բավականաչափ մարդիկ  հրաժարականներ ներկայացրին, փոխվեցին: ՀՀ–ում հեղափոխությանը հաջորդեցին կոռուպցիոն բացահայտումներ, լյուստրացիա, ձերբակալումներ: Կարո՞ղ է և պե՞տք է նման բաներ լինեն Ղարաբաղում: Հարցնում եմ սա՝ որպես մարդու, ով ապրում է Արցախում, այսինքն՝ ղարաբաղցու:

-Նախ, Ղարաբաղում այդ պայքարը միշտ կար, և պատահական չէ, որ նման երևույթների դեմ պայքարը միշտ եղել է, և արդյունքում՝ նման բացահայտ կերպով կուտակված խնդիրներ չունեինք: Եղած  խնդիրներն էլ ընթացիկ լուծումներ ստացել են միշտ: Ընդամենն այս վերջին իրադարձություններն ինչ-ինչ ժամանակահատվածում անտեսվել են, դրա  բացահայտումը ժողովրդի կողմից եղել է: Մնացյալ հարցերում նման խնդիրներ, խոշոր չարաշահումներ չկան:

-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Ղարաբաղում լյուստրացիայի կարիք չկա՞:

-Իհարկե, ոչ:

-Ինչո՞ւ, որովհետև Հայաստանում հասարակությունը ամեն օր կամ գրեթե ամեն օր, ցնցվում է տեղի ունեցած բացահայտումներից։

-Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև՝ վերջին տարիների ընդհանուր զարգացումների կամ ներքաղաքական ընդհանուր իրավիճակի առումով: Բայց նշեմ, որ այն, ինչ եղավ Հայաստանի Հանրապետությունում,  հնարավոր չէ, քանի որ Արցախում բացակայում են նման երևույթները: Կան սխալներ, կան խնդիրներ, իհարկե, միշտ ուշադրության կենտրոնում պահելը, կանխարգելելը միշտ անհրաժեշտ է: Բայց չափերի առումով տարբեր են:

- «Գյալմա» բառի հետ կապված գրեթե բոլորը գրեթե ամեն ինչ ասել են: Դուք ավելացնելո՞ւ բան ունեք:

- Նաև Ժաննա Գալստյանն է արձագանքել: Բայց «գյալմա» հասկացությունը, իհարկե, անընդունելի է, մանավանդ, եթե այն վերաբերում է հայերին: Ընդամենը տարբեր ժամանակահատվածում տարբեր տեղափոխությունների և տեղաշարժերի ենք ենթարկվել: Եվ մեր գերդաստանը մի 250 տարի առաջ է տեղափոխվել Իրանի Ղարաբաղ, և եթե այդպես նայենք, մենք էլ գյալմա ենք: Ու  սա լավ բառ չէ, մեզ սազական բառ չէ: Մանավանդ, երբ այն վերաբերում է հայերին։