ՊԵԿ-ն իր ընթացակարգի համաձայն որոշակի գործողություններ է կատարել և հեռացել. «Սպայկա» ընկերության ներկայացուցիչ
Պետական եկամուտների կոմիտեն իր ընթացակարգի համաձայն կատարել է որոշ գործողություններ, որից հետո հեռացել է, իսկ մնացած տեղեկությունները կարող է տրամադրել միայն ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը:
«Այստեղ ավել ինֆորմացիա չի կարող լինել, իրենք եկել, համապատասխան գործողությունն իրականացրել են և հեռացել»,- հայտնեց Էդվարդ Անտինյանը:
Այլ մանրամասներ, մասնավորապես, թե ինչ գործողություններ են իրականացրել ՊԵԿ աշխատակիցները, ինչ խախտումներ են արձանագրվել, Էդվարդ Անտինյանը հորդորեց ճշտել ՊԵԿ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, տեղեկացնելով, որ 2018 թվականի հուլիսի 3-ին Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություն են իրականացնում «Սպայկա» ՍՊԸ-ում:










