Սկրիպալների գործով հետաքննությանը պետք է ներգրավել նաև ռուս քննիչների․ Վիկտորյա Սկրիպալ
Ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ազգականուհի Վիկտորյա Սկրիպալը կարծում է, որ Սկրիպալների գործով հետաքննությունն առավել օբյեկտիվ անցկացնելու համար հարկավոր է ներգրավել նաև ռուս քննիչների։ Այդ մասին նա ասել է РИА Новости գործակալությանը։
«Կարելի է և՛ գերմանացի քննիչների ներգրավել, և՛ ամերիկացի․․․Եթե այդ ամենն արդեն ձեռք է բերել համաշխարհային մասշտաբներ։ Իմ կարծիքով՝ պետք է լինի, ամեն դեպքում, համաշխարհային հետաքննություն»,- ասել է Վիկտորյա Սկրիպալը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ բրիտանական ոստիկանությանը հաջողվել է գտնել ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորման գործով երկու կասկածյալի։
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հաղորդել է Սկրիպալների առողջական վիճակի բարելավման մասին:










