ԵԽ-ն քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին համաձայնություն տալու հարցը. այն կքվեարկվի այսօր
Եվրոպական Խորհրդարանն իր երեկվա նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործացության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Աժ արտաքին հարաբերությունների հանձնոժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա հայտնել է, որ հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից:
«Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել»,-հայտնել է Ա. Աշոտյանը:
Նրա ներկայացմամբ՝ բարձրացվել է նաև վիզաների ազատականացման հարցը: «Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից և ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական Խորհուրդը:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը»,-ասված է գրառման մեջ:
Հարցի քվեարկությունը տեղի կունենա այսօր:










