ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից

15:52 • 04.07.18

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Պաշտպանը միջնորդեց՝ խափանման միջոցը փոխելու և նրան «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ  ազատ արձակելու վերաբերյալ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակելու մասին  միջնորդությունը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը բավարարեց միջնորդությունը, Էդվարդ Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ Էդվարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, հրազեն ու ռազմամթերք, զավթել և պահել է շենքեր, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: