Չի բացառվում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած ծրագրերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվի. Ն. Զոհրաբյան
Այն, ինչ իրականացվել է, համարում եմ բարձագույն կարգի հանցագործություն: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին: Նա հիշեցրեց, որ ինքը տարբեր առիթներով խոսել է այն մասին, որ պետք է ուսումնասիրվի հիմնադրամ մտնող գումարների ծախսման ճշգրտությունն ու արդյունավետությունը:
«Հիմնադրամի տնօրենն իր անհագուրդ կրքերին հագուրդ տալու համար օգտագործել է Սփյուռքի մեր հայրենակիցների և Հայաստանի բարեգործների գումարները: Հիմնադրամում այն գումարներն են, որոնք ուղղված են Արցախի կյանքի ճանապարհը հարթելուն, բայց այս նպատակով հավաքված հանգանակությունը օգտագործվել է՝ մառազմատիկ զվարճանքները բավարարելու համար: Սա այն դեպքն է, որ ես երբեմն կողմ եմ լինում, որ քրեական օրենսգրքում վերականգնվի բարձրագույն պատիժը՝ մահապատիժը»,- ասաց նա:
Պատգամավորը վստահ է՝ Հայաստանում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, իսկ այս մի բացահայտումը շղթայի ընդամենը մեկ օղակն է: Նրա կարծիքով՝ պետք է ուսումնասիրվեն բոլոր ժամանակներում իրականացված տարբեր ծրագրերի արդյունավետությունը:
«Երբ հիմնադրամի նախագահ դառնում է մեկը, և հետո տեսնում ենք, որ շատ արագ փոխվում է նրանց բարեկեցությունը, այստեղ խնդիր է առաջանում, խոսում եմ նաև հիմնադրամի նախկին նախագահների մասին: Նրանցից շատերը գնացել են նույն անբարո ճանապարհով և ձեռք են մեկնել սրբության վրա»,- ընդգծեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կոռուպցիոն այլ սխեմաների բացահայտման ու ոլորտների մասին, շեշտեց, որ «Ծառուկյան» դաշինքը քանիցս այս հարցին անդրադարձել է՝ առաջարկելով օգտագործել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները:
«Գիտեք՝ ապրիլի 5-ից արդեն ամբողջական ուժի մեջ մտած Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանին ստեղծել քննիչ հանձնաժողովներ: Մենք առաջիկայում ստեղծելու ենք քննիչ հանձնաժողովներ՝ նախկինում տրված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրելու համար: Հիշում ենք, թե ինչպես էին փոշիանում այդ վարկերը տարատեսակ՝ «ինչպես ցանել կարտոֆիլը» կամ «ինչպես ջրել ծիրանը» թեմաներով լեկցիաներ կարդալու համար»,- շարունակեց Զոհրաբյանը:
Վերջինս չբացառեց, որ խորհրդարանական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, կարող է ստեղծվել նաև քննիչ հանձնաժողով՝ հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած ծրագրերն ուսումնասիրելու համար, քանի որ գտնում է, որ խնդիրը համազգային է:
Հիշեցնենք, որ ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը. վերջինս 2016-2018թ.թ. օնլայն խաղատներին է փոխանցել շուրջ 130 մլն դրամ:










