Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել ոստիկանի կողմից վարորդի սպանությունից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

12:37 • 04.07.18

Ֆրանսիական Նանտ քաղաքի թաղամասերից մեկում անկարգություններ են սկսվել, երբ պարեկային ոստիկանությունը կրակելով սպանել է 19-ամյա վարորդի, որը հրաժարվել է ստուգման ենթարկվել: Այս մասին հայտնում է Ouest France-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:30-ին, Բրեյ թաղամասում: Պարեկային ոստիկանությունը ստուգման նպատակով կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն վարորդը «հրաժարվել է ենթարկվել» ու փորձել է վրաերթ կատարել:

«Նա հրաժարվել է ենթարկվել: Այդ պահին նա կտրուկ շրջադարձ է արել, հարվածել ոստիկանի ծնկին, վերջինս հազիվ է խույս տվել: Նրա գործընկերներից մեկը կրակել է՝ ավտոմեքենան կանգնեցնելու համար», - նշել են ոստիկանությունում:

Նշվում է, որ ավտոմեքենայի վարորդը վզի շրջանում վնասվածք է ստացել ու մահացել:

Թերթի հաղորդմամբ՝ վարորդի մահվան լուրն արագ տարածվել է թաղամասում, ինչից հետո երիտասարդները Մոլոտովյան կոկտեյլներ ու այլ իրեր են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով առնվազն երեք պարեկային ավտոմեքենա է բռնկվել:

Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: France Info-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը դեռ ձերբակալություններ չի իրականացրել անկարգությունների կապակցությամբ: