Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը «Մարտի 1-ի» գործով հարցաքննության են կանչվել որպես վկաներ. ՀՔԾ պետ (տեսանյութ)
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով կանչվել է հարցաքննության որպես վկա: Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշեց, որ ծանուցագիրն ուղարկվել է, սակայն ինքը չգիտի՝ հասել է, թե՝ ոչ:
Ինչ վերաբերում է քաղաքից բացակայողների նկատմամբ հետախուզում հայտարարելուն, Խաչատրյանն ասաց. «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողություների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է, որը չեմ ցանկանում բացահայտել»:
Սասուն Խաչատրյանը վստահեցրեց՝ իրենց չի կաշկանդելու որևէ մեկի անունը կամ պաշտոնը: Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր «Մարտի 1-ի» բացահայտման հետ կապված՝ որևէ ինֆորմացիա կարող են տալ, կանչվելու են հարցաքննության:
«Հրավիրվելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել «Մարտի 1-ի» հետ կապված: Որևէ կաշկանդվածություն կապված անունների հետ՝ զբաղեցրած պաշտոնների հետ չկա, հույսով եմ՝ համոզվել եք»,- շարունակեց նա:
Հարցին՝ մտավախություն չունեք Ձեր անձի ու ընտանիքի անվտանգության հետ կապված, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ո՛չ, չունեմ մտավախություն: Եթե ամբողջ թիմն ազնիվ է, թիմն աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու ու հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի մեկ անդամին շարքից հանելն էֆեկտիվ չի լինի»:
Սասուն Խաչատրյանը նշեց, թե ուսումնասիրվում է նաև վարկածը, թե բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի անդամներին «Մարտի 1-ին» ոստիկանական համազգեստ է տրամադրվել:
Վերջինս հայտարարեց, որ «Մարտի 1-ի» գործով հարցաքննության է կանչվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, որը «Մարտ 1-ի» ժամանակ ԶՈւ ԳՇ պետն էր: Խաչատրյանը տեղեկացրեց, որ Օհանյանը հարցաքննվել է որպես վկա:
«Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և մեր հետագա քայլերի մասին խոսել: Այն, ինչ կատարվում է այս քրեական գործով և ընդհանրապես ՀՔԾ վարույթի բոլոր քրեական գործերով, տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը»,- եզրափակեց Սասուն Խաչատրյանը:










