Իմ ծառայության ընթացքում որևէ անձի կեղծ անձնագիր չեմ տրամադրել. Մ. Բիչախչյանը հերքում է Ա. Կանևսկոյի կեղծ անձնագրի հետ իր առնչությունը
ՀՀ ոստիկանության անձնագրի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հերքում է ներկայացրել տարածված տեղեկությունների վերաբերյալ, թե քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյին կեղծ անձնագիր է տրամադրվել, որի հետ առնչություն ունի նաև ինքը:
Ֆեյսբուքի իր էջում Մնացական Բիչախչյանը, մասնավորապես, գրել է. «Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։
Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։
Կոչ եմ անում լրատվամիջոցներին չճշգրտված տեղեկատվություն չտարածել։
Իմ ծառայողական գործունեության ընթացքում որևէ անձի կեղծ անձնագիր չեմ տրամադրել և կեղծ անձնագրի տրամադրմանը չեմ օժանդակել։
Հավելեմ, որ երբևէ անձնագրային ծառայության պետի պաշտոն չեմ զբաղեցրել, 2015թ. հոկտեմբերի 20-ի հրամանով նշանակվել եմ Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին»:
Մեկնաբանություններում, հարցին, թե ինքը հրավիրվե՞լ է ԱԱԾ, Մնացական Բիչախչյանն ասել է՝ ճիշտ է, ինքը հրավիրվել է ԱԱԾ:










