Միգրացիոն հոսքերը կանխելու նպատակով ԵՄ արտաքին սահմաններ կուղարկվի լրացուցիչ 10.000 սահմանապահ
Տասը հազար սահմանապահ կուղղվի Եվրամիության արտաքին սահմաններ՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, գրում է korrespondent.net կայքը։
«Սա Եվրոպական խորհրդի կարևոր որոշումն է։ Ի սկզբանե կար կարծիք, որ անհրաժեշտ է դա անել մինչև 2027 թվականը, սակայն այժմ մենք խոսում ենք 2020 թվականի մասին», - նշել է Յունկերը։
Նրա կարծիքով՝ սահմանապահների իրավասությունները պետք է ընդլայնվեն, և նրանք պետք է իրավունք ունենան գործելու երրորդ երկրներում՝ ունենալով այդ երկրների իշխանությունների համաձայնությունը:
Յունկերն ընդգծել է, որ Հյուսիսային Աֆրիկայում փախստականների ընդունման կենտրոնների հնարավոր բացման հարցը պետք է քննարկվի համապատասխան պետությունների հետ։
Ավելի վաղ ԵՄ-ն համաձայնել է զարգացման եվրոպական հիմնադրամից շուրջ 500 մլն եվրո փոխանցել Աֆրիկայում նպատակային հիմնադրամին։










