Նա աշխարհի «մեծագույն» գրողն է. Հարի Փոթերի հեղինակը ծաղրել է Թրամփին սխալներով գրելու համար
Բրիտանացի հայտնի գրող, մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երբ վերջինս իր թվիթերյան գրառումներից մեկում պարծեցել է գրագիտությամբ՝ այդ հրապարակման մեջ թույլ տալով ուղղագրական և դրանից բխող իմաստային սխալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռոուլինգի համար ծիծաղելի է թվացել Թրամփի պնդումը, թե նա բազմաթիվ բեսթսելլերներ է գրել՝ ենթադրելով, որ նախագահը, հավանաբար, դրանց համար «գրող-ուրվականներ» է օգտագործել:
Այնուհետև Ռոուլինգը նշել է Թրամփի գրառման մեջ եղած տառասխալն ու քննադատել ԱՄՆ ղեկավարին հասարակ բառերը մեծատառերով գրելու սովորության համար:
«Դոնալդ Թրամփն աշխարհի մեծագույն գրողն է»,-վերջում գրել է նա՝ ծաղրելով նախագահին:
Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ում պատասխանել էր իր տարօրինակ գրելաձևը քննադատողներին:
«Բազմաթիվ բեսթսելլերներ գրած լինելով ու գրագիտությամբս հպարտանալով հանդերձ՝ պետք է ասեմ, որ կեղծ լրատվամիջոցներն անընդհատ ակնդետ հետևում են իմ գրառումներին, որպեսզի դրանցում սխալ գտնեն: Ես որոշ բառեր մեծատառով եմ գրում միայն դրանք շեշտելու, ընդգծելու նպատակով»,-գրել է Թրամփը:















