Մեքսիկայի նորընտիր նախագահը հրաժարվել է թիկնապահներից, շքեղ նստավայրից, ինքնաթիռից ու կիսել աշխատավարձը

15:31 • 04.07.18

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է իր համար նախատեսված թիկնազորից հրաժարվելու մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, ղեկավարն իր որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է հնարավորինս մոտ լինել ժողովրդին:

«Ես թիկնապահներ չեմ ուզում, ինչը նշանակում է, որ իմ անվտանգությունը կապահովեն, ինձ կպաշտպանեն իմ քաղաքացիները»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է նախագահը:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ ձախակողմյան ուժերի 64-ամյա ներկայացուցիչը վայելում է Մեքսիկայի բնակչության հատկապես կարիքավոր շերտի (53 մլն մարդ) աջակցությունը:

Հայտնի է, որ Օբրադորի քայլը դատապարտել են որոշ քաղաքագետներ՝ նկատելով, որ դա անպատասխանատու որոշում է, քանի որ նա սովորական մարդ չէ, այլ պետության ղեկավար:

Սակայն Օբրադորն այսքանով չի սահմանափակվել: Նա հրաժարվել է մայրաքաղաք Մեխիկոյում գտնվող շքեղ նախագահական նստավայրից՝ հայտարարելով, որ այն կվերածի ժողովրդի համար նախատեսված մշակութային կենտրոնի:

Բացի այդ, նա հայտարարել է նախագահական օդանավը վաճառելու մտադրության մասին, արգելել է բարձրաստիճան պաշտոնյաներին ճամփորդել մասնավոր օդանավերով և ուղղաթիռներով:

«Այս ամենի վերջը դրվելու է: Մենք չենք կարող ունենալ հարուստ կառավարություն ու աղքատ բնակչություն»,-ասել է նախագահը:

Նշվում է նաև, որ Օբրադորը նախագահական աշխատավարձը կիսել է ու պատրաստվում է կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, որպեսզի կարողանա բարձրացնել կարիքավոր խավի աշխատավարձերը: