Նորիլսկում «արյունոտ» անձրև է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսական Նորիլսկ քաղաքի «Նադեժդինսկի մետալուրգիական գործարան»-ի ավտոկայանատեղիի տարածքում «արյունոտ» անձրև է տեղացել, ինչի մասին տեղեկացրել են սոցկայքերի օգտատերերը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ ու տեսանյութեր:
Ինչպես նշում է ria.ru-ն, դրանցում երևում են կարմրագույն անձրևաջրերը: Օգտատերերի կարծիքով՝ անձրևը նման գույն է ստացել գործարանի արտանետումների ու փոշու հետ միախառնվելու հետևանքով:
«Սա իսկապես վախենալու է: Արյունոտ անձրևը, հավանաբար, արտանետումների հետևանք է»,-գրել է տեղի բնակիչներից մեկը:
Մյուսներն էլ հայտնել են, որ տարածքն ու այնտեղ կայանված մեքենաները մաքրելու համար հրշեջներ են կանչվել:
Մինչդեռ «Նորնիկել» ընկերությունից (գործարանը պատկանում է դրան-tert.am) հայտնել են, որ ջրին է խառնվել գործարանային փոշին, որը եղել է շինության տանիքին: Փոշին պետք է մաքրվեր, սակայն աշխատողները դա ժամանակին չեն արել, ինչի հետևանքով այն խառնվել է անձրևի հետ:














