Ռուսական հաղորդման ժամանակ հայ քաղաքագետը խորհուրդ է տվել Ժիրինովսկիին կուսակցությունից հեռացնել Ադրբեջան այցելած Սավելևին (տեսանյութ)

16:04 • 04.07.18

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Вечер с Владимиром Соловьевым») հաղորդման եթերում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը դիմել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին՝ կուսակցության պատգամավոր Դմիտրի Սավելևի Ադրբեջան այցի և նրա բարձրաձայնած հայտարարությունների առնչությամբ:

«Ձեր պատգամավորը գնացել է հակամարտության գոտի և «անիմաստ դուրս տվել»… Ոչնչացրե՛ք նրան, հեռացրե՛ք: Նա դավաճան է և Ռուսաստանի Դաշնության թշնամին: Գոնե ձեր մի պատգամավորի հարցերը լուծեք»,- ասել է Բաղդասարովը Ժիրինովսկիին:

Ծրագրի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը պարզաբանել է Բաղդասարովի ասածը՝ պատմելով Ադրբեջան Դմիտրի Սավելևի այցի մասին:

«Խոսքը պատգամավոր Սավելևի մասին է, որն Ադրբեջանում հայտարարել էր, թե Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը, այլ ոչ Հայաստանը և որ անհրաժեշտ է վիճելի շրջանները և Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»,- պարզաբանել է Սոլովյովը:

Վլադիմիր Ժիրինովսկին համաձայնել է Սեմյոն Բաղդասարովի կարծիքի հետ:

ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջաններ տա Ադրբեջանին»:

 


Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 16:09 րոպեից.