Օգնողը պարտադիր լինի տվյալ տեղամասում գրանցված անձ, ընտրատեղամասերը թեքահարթակներ ունենան. քննարկում ԸՕ բարեփոխումների հանձնաժողովում

13:14 • 05.07.18

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ  ընտրական օրենսգրքի բարեփոխման հայացեկարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ հերթական քննարկումը:

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ հենաշարժական խնդիրներ ուենցողների քվեարկության հարցին և նշեց, որ բազմաթիվ տեղեր կան, որտեղ ընտրական տեղամասերը կահավորված չեն սայլակով՝ անձին քվեարկության սենյակ հասնելու համար, և այս խնդրին ինչ-որ ձև պետք է լուծում տրվի:

Նա տեղեկացրեց, որ վաղը հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվողների հետ ևս քննարկում է նախատեսված: «Այստեղ, կարծում եմ, ինչ-որ ջանքեր կարելի է ձեռնարկել գործադիր իշխանության կողմից, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, որպեսզի այդ տեղամասերը գոնե առավելագույնս դառնան կահավորված»,-ասաց նա:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ եթե թեքահարթակներ լինեն, ապա դրանք ոչ միայն ընտրությունների ժամանակ կօգտագործվեն, այլ ընդհանրապես կարող են անհրաժեշտ լինել:

Հանձնաժողովի  քարտուղարն անդրադարձավ նաև ինքնուրույն քվեարկել չկարողացող ընտրողների օգնողի ինստիտուտին: «Ազգային ժողովի նախորդ ընտրությունների ժամանակ պաշտոնական տվյալներով 70 հազար 500 մարդ քվեարկել է օգնողի միջոցով, նրանք են, ովքեր գրանցվել են մատյանում, բայց եղել են դեպքեր, որ օգնողները չեն էլ գրանցվել: Ես այստեղ խորապես հավատացած եմ, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը իրականում կարող էր ինքնուրույն քվեարկել, բայց տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում, այսինքն՝ սա վերահսկվող քվեարկություն է եղել»,-ասաց նա:

Նա նշեց, որ առանց գրիչի քվերակության անցնելը բավականին հեշտացնում է քվեարկության գործընթացը: «Օգնողի ինստիտուտն ուներ սահմանափակում, որ մեկ մարդ կարող էր օգնել մեկ անգամ, սակայն որևէ ձև երաշխավորված չէր, որ նույն մարդը մի քանի տեղամասում չէր կարող օգնել և չէր նախազգուշացվում, որ քվեարկության գաղտնիության խախտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն»,-ասաց նա:

Այսպիսով, նա նշեց, որ առաջարկվում է լրացուցիչ հետևյալ մեխանիզմները սահմանել, որ օգնողը պետք է լինի  պարտադիր տվյալ տեղամասի գրանցված անձ, ինչով կապահովվի այն նորմը, որ մեկ մարդը մեկ անգամ կարողանա օգնել, և օգնողը ԿԸՀ-ի սահմանած կարգով ծանուցվում է, որ քվեարկության գաղտնիության խախտումը քրեորեն հետապնդելի է: Նա տեղեկացրեց, որ քննարկվել է նաև այն տաբերակը, որ քվեարկել չկարողացողը բժշկի տեղեկանք բերի, սակայն դրանով լրացուցիչ պարտականություն է դրվելու, և այդ պատճառով շատերը կարող է նախընտրեն չգնալ քվեարկության: