Ուկրաինայում կինը փորձել է վաճառել իր որդուն՝ բնակարան գնելու համար
Ուկրաինայի Խերսոնի մարզում ձերբակալել են մի կնոջ, որը փորձել է ավելի քան 210 հազար գրիվնայով վաճառել իր 3-ամսական որդուն՝ բնակարան գնելու համար: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով շրջանի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Իրավապահները պարզել են, որ 26-ամյա կինը ներգրավել է իր ծանոթներին, որոնք օգնել են նրան գնորդ գտնել Խերսոն քաղաքում:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ կինը փոխանցել է իր երեխային փաստաթղթերի և իրերի հետ միասին: Նա նաև փաստաթուղթ է ստորագրել՝ հրաժարվելով իր որդուց ու նշելով, որ ապագայում իրավունքներ չի ունենա նրա նկատմամբ:
Նշվում է, որ կնոջը ձերբակալել են երեխայի դիմաց 210 հազար գրիվնա (ավելի քան 500 հազար ռուբլի) ստանալու ժամանակ:
Հայտնի է, որ ավելի վաղ կինը դատված է եղել ու ասոցիալ ապրելակերպ է վարել: Նրա խոսքով՝ ինքը մտադիր էր բնակարան գնել որդու դիմաց ստացած գումարով:
Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն («Մարդկանց առևտուր կամ այլ անօրինական համաձայնություն մարդու նկատմամբ»)՝ կնոջը սպառնում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:










