Զինծառայողների մահվան գործերն ուսումնասիրող հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա. Նորայր Նորիկյան
Հասարակության վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ չէ, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը ուսումնասիրող հասարակական խումբ ստեղծվի, հատկապես, որ հարց է` ինչ լիազորություններով է այն օժտված լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց զինվորական գործերով մասնագիտացված փաստաբան Նորայր Նորիկյանը` անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի առաջարկին՝ ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն:
«Էտ հասարակական մոնիթորինգի խումբը ի՞նչ է անելու, վերահսկելու է քննչական մարմնի գործողությունները, այդպիսի իրավասություն վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ ոչ ոք չի կարող ունենալ: Անհրաժեշտ է հստակեցնել ստեղծվող խմբի լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ֆինանսավորման խնդիրը: Քննչական կոմիտեի և նրա առանձին ստորաբաժանումների գործառույթները հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ` մասնավորապես Քրեական դատավարության օրենսգրքով. թող բարի լինեն օբյեկտիվ, բազմակողմանի քննություն իրականացնեն և բոլոր վիճահարույց քրեական գործերը, չբացահայտված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, անհայտ պայմաններում զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար օբյեկտիվ և բազմակողմանի քննություն տանեն»,-շեշտեց փաստաբանը:
Նորայր Նորիկյանը մոնիթորինգի խումբ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում նաև այն պատճառով, որ հիմա իրեն տեսանելի է քաղաքական կամք՝ արդարադատություն հաստատելու համար, և եթե որոշ քննիչներ, իրավապահներ նախկինի նման «աչքակապությամբ» չզբաղվեն, ապա շատ գործեր կարող են վերաբացվել, շատ գործերի մասով կարող են նոր հանգամանքներ ի հայտ բերեն:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը ուսումնասիրող հասարակական խումբ ստեղծելու առաջարկը գուցե Քննչական կոմիտեն որոշել է անել Նիկոլ Փաշինյանի հրահանգով, քանի որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր բանակում տարբեր ժամանակահատվածում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր պնդում են, որ իրենց որդիների մահվան գործերը իրականում բացահայտված չեն՝ Նորայր Նորիկյանն ասաց.
«Չգիտեմ՝ արդյոք հանդիպումը կապ ունի խումբ ստեղծելու հայտարարության հետ: Բայց բազմաթիվ ծնողներ կան, որոնք դժգոհ են քննչական մարմինների աշխատանքից: Եթե դիտարկենք հանդիպմանը մասնակցած ծնողների դժգոհությունները, ապա նրանցից մեկը, արդեն 10 տարի է, պնդում է, որ Հայկազ Բաղմանյանը ուղղակի ազդեցություն ունի իր որդու սպանության հետ: Հիմա մոնիթորինգի խումբը ի՞նչ պիտի անի, այդ հարցով զբաղվողը պիտի Քննչական կոմիտեն և դատախազությունը լինեն: Կա՛մ պիտի հերքեն նրա առնչությունը, կա՛մ պետք է օբյեկտիվ քննություն վարեն, եթե էական հանգամանքներ ի հայտ գան, ապա պետք է այդ մարդուն կալանավորեն»,-ասաց Նորայր Նորիկյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ ինքն էլ մի շարք վիճահարույց գործեր ունեցել է, բայց դրանից հատկապես վիճահարույց է ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան գործն է:
«Սույն թ-ի հուլիսի 3-ին լրացավ 2 տարին, երբ երեխայի մահվան իրական հանգամանքները մինչ այս պահը չեն բացահայտվել, կոնկրետ անուններ ենք մատնանշել, կոնկրետ հանգամանքներ, բայց վարույթ իրականացնող մարմինը հակված է, որ էտ երեխան ինքնասպանություն է գործել, ինչի հետ տուժողները` երեխայի հայրը և մայրը, կտրականապես համաձայն չեն: Այդ գործի մեջ լիքը խութեր կան, դե թող օբյեկտիվ քննություն իրականացնեն»,-եզրափակեց Նորայր Նորիկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։
Խմբի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։
Մոնիթորինգի խմբի անդամների ընտրության չափանիշները և գործունեության ձևաչափը քննարկելու համար բոլոր շահագրգիռ կողմերին Քննչական կոմիտեն հրավիրել է քննարկման մինչև հուլիսի 9-ը ներառյալ։
Հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծելու առաջարկը Քննչական կոմիտեն հիմնավորում է նրանով, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննություն կատարելու և պարզված հանգամանքների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակվում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։










