Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին

09:54 • 06.07.18

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում էր, որին մերձակա Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացվում մայրաքաղաքում և Ջերմուկում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կգնա Ջերմուկ ու տեղում կծանոթանա բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին:

Այս պահին Ջերմուկ-Գնդեվազ հատվածում քաղաքացիները սպասում են Նիկոլ Փաշինյանի ժամանմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանն այցելել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ: