Թաիլանդում հսկայական քարանձավում շաբաթներով թակարդված երեխաների փրկարարական գործողության ժամանակ զոհ է գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ)
Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում հունիսի 23-ից թակարդված 12 պատանի ֆուտբոլիստների և նրանց մարզչի փրկարարական գործողության ժամանակ գրանցվել է առաջին զոհը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Թաիլանդի ռազմածովային ուժերի լողորդ Սաման Կունանը մահացել է թթվածնի պակասից՝ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավի ներսում թթվածնի բալոններ տեղափոխելու ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ լողորդը բալոնները լողալով տեղափոխել էր 3.2 կմ հեռավորության վրա, սակայն հետդարձի ժամանակ նրա թթվածինն ավարտվել է:

Իսկ մինչ այդ մասնագետներն ահազանգում են, որ քարանձավում թթվածնի քանակը նվազում է, ինչը խիստ ռիսկային է ներսում գտնվողների համար:

Հայտնի է, որ անձրևների հետևանքով անընդհատ ավելացող ջրի պատճառով տղաները, մարզիչն ու նրանց օգնության հասած փրկարարների թիմը տեղափոխվել են քարանձավային համալիրի խորքը՝ սպասելով հմուտ լողորդների ու ջրասուզորդների գալուն:

Նշվում է, որ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են երեխաների դուրսբերման բուն գործողությունը, քանի որ ներսում եղած ջուրը շատ է, ու երեխաները չեն կարող մի քանի կմ տարածությունը լողալով հաղթահարել: Նշվում է, որ 11-16 տարեկան տղաները հյուծված են:

Բացի այդ, նրանք լողալ չգիտեն, ու նման պայմաններում նրանց ջրով հեղեղված նեղ միջանցքներով ու անցուղիներով տանելը չափազանց ռիսկային է: Հայտնի է, որ երեխաները գտնվում են ստորգետնյա համալիրի գլխավոր մուտքից 6 կմ հեռավորության վրա:

Մասնագետները մտադիր են հնարավորության դեպքում նախևառաջ դուրս բերել ֆիզիկապես ուժեղ տղաներին, հետո՝ ավելի թույլերին: Նրանք չեն բացառել, որ ի վերջո ոչ բոլոր երեխաներին կհաջողվի հաղթահարել վտանգավոր ճանապարհը:
Փրկարարական գործողությանը մասնակցող փորձագետները նախազգուշացրել են, որ ջրի մակարդակի բարձրացման դեպքում իրենք ստիպված կլինեն մինչև հոկտեմբերի կես այնտեղ մնալ, քանի որ միայն այդ ժամանակ քարանձավը կչորանա:

Հաշվի առնելով այդ սցենարի հավանականությունը՝ վերջին օրերին քարանձավի ներս է տարվել մեծ քանակությամբ մթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ, ջրասուզորդների համար նախատեսված սարքավորումներ, թթվածնային բալոններ, կապի միջոցներ: Ներկայում քարանձավում գտնվողները մասնագետների հետ կապ են հաստատում ռազմական կապի միջոցով:











