Բացարձակ անարդյունավետ է, երբ ԸՕ-ի շուրջ ձևավորված երկու տարբեր հարթակները տեղյակ չեն, թե որ հարթակն ինչով է զբաղված. Նաիրա Զոհրաբյան
Ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որը բացարձակապես չի նպաստելու արդյունավետ աշխատանք ապահովելուն:
Նման համոզմունք հայտնեց ԸՕ բարեփոխումների համար ձևավորած ԱԺ աշխատանքային խմբի՝ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով խորհրդարանի և Կառավարության կողմից ԸՕ-ի մշակման համար ձևավորված աշխատանքային երկու խմբերի աշխատանքներին:
Նշենք, որ չնայած միասին քննարկելու պայմանավորվածության՝ Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը շարունակում է ԱԺ խմբակցությունների ստեղծած հանձնաժողովից առանձին քննարկել ԸՕ-ի շուրջ առաջարկները: «Մենք քննարկում ենք մի խնդիր, և պարզվում է, որ կառավարության ստեղծած աշխատանքային խումբը ԸՕ-ի տվյալ խնդրի վերաբերյալ ունի տրամագծորեն հակառակ մոտեցում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից ձևավորված հանձնաժողովն ավարտել է 4 խմբակցությունների առաջարկությունների քննարկումը: «Եվ ակնկալում ենք, որ երկուշաբթի օրը փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով համակարգում է այդ աշխատանքները, ներկա կլինի, և մենք կփորձենք ստեղծել մեկ աշխատանքային հարթակ, այլապես երկու տարբեր հարթակներում անել մեկ գործ և իրարից խաբար չլինել, թե որ հարթակն ինչով է զբաղված, բացարձակ անարդյունավետ աշխատանք է»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Կառավարությունում ստեղծված ԸՕ-ի բարեփոխման աշխատանքային խմբի քննարկմանը կանանց քվոտաներն ավելացնելու առաջարկին՝ գործող 25%-ի փոխարեն կանանց քվոտավորումը դառնա 40, նկատեց, որ պատրաստ են քննարկել, սակայն պետք է զուգահեռ հստակ մեխանիզմներ մշակեն, որ կուսակցությունները համամասնական ցուցակում չներգրավեն կանանց՝ իրենց համար տարատեսակ չափորոշիչներ հաշվի առնելով:
Նշենք, որ կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ները երեկ Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի նիստին առաջարկել են, որ ԸՕ-ն բարելավվի ԵԽԽՎ առաջարկների համաձայն, այսինքն՝ ապահովի ընտրական ցուցակներում 60/40 համամասնությունը:
«Բնականաբար, ես կողմ եմ կանանց առավել ակտիվ ներգրավվածությանը քաղաքական գործընթացներին, և միանշանակ է, որ հասարակական սեկտորում այսօր մենք ունենք փայլուն կանայք, և ես ափսոսում եմ, որ նրանք խորհրդարանում չեն, բայց այստեղ մենք պետք է մի քանի գործոն հաշվի առնենք, նախ՝ պատրա՞ստ ենք մեր քաղաքական կուսակցությունները ճիշտ ընտրություն կատարել՝ ներգրավելով այն կանանց իրենց համամասնական ցուցակներ, ովքեր ունակ են խորհրդարանում որակ փոխել, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ոչ»,-ասաց նա:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ համամասնական ցուցակներում կանանց ներգրավվածությունը, ցավոք, կատարվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմի կամ օրենսդրական աշխատանքին մասնակցելու ունակությամբ, այլ բացարձակապես այլ չափորոշիչներ են ընտրվում: «Արդյունքում խորհրդարանում ունենում ենք կանայք, ովքեր խորհրդարանի հետ կապ ունեն այնքան, ինչքան ես՝ Թաջ Մահալի հետ, իսկ խորհրդարանից դուրս մնում են կանայք, որոնց տեղը խորհրդարանում էր, բայց, ցավոք սրտի, այդ խաղի սխալ կանոնների պատճառով իրենք դուրս են մնում»,-ասաց նա:
Ավելին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այսօր խորհրդարանում կանանց ներգրավվածությունը ոչ թե 25, այլ 18 տոկոս է, և դա պայմանավորված է ռեյտինգային ընտրակարգով, որտեղ խորհրդարան անցնելու կանանց հավանականությունը շատ նվազ է, և հիմնականում կանայք ցուցակներով ստացան մանդատներ:
«Հիմա մենք քննարկում ենք, և ես վստահ եմ, որ հանվելու են ռեյտինգային, այն է` տարածքային ընտրացուցակները, և արդյունքում գործելու է փակ համամասնական մոդել, ինչը երաշխավորելու է՝ քանի տոկոս քվոտա ամրագրված է, այդքան էլ տոկոս կին էլ կլինի խորհրդարանում»,-ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ իրենք պատրաստ են կանանց ներգրավվածության քվոտան մեծացնելու խնդիրը քննարկել, ընդհուպ մինչև 40 տոկոս, բայց եթե դրան զուգահեռ հստակ մեխանիզմներ մշակեն, որ կուսակցությունները համամասնական ցուցակում ներգրավեն կանանց՝ ոչ թե իրենց համար տարատեսակ չափորոշիչներ հաշվի առնելով, այլ թե պատրաստ է տվյալ կինը աշխատել և զբաղվել օրենսդրական գործունեությամբ:
«Ես սկզբունքորեն դեմ եմ ցանկացած պոզիտիվ խտրականության, ինձ համար կարևոր չէ՝ պատգամավորը կին է, թե տղամարդ, կարևորը նա լինի պրոֆեսիոնալ, բայց եթե այս փուլում անհրաժեշտություն կա պոզիտիվ խտրականության, խնդրեմ, քննարկենք, բայց զուգահեռ մշակենք մեխանիզմներ, որը կկապի կուսակցությունների ձեռքը և թույլ չի տա, որ համամասնական ցուցակում անհասկանալի կանայք ընդգրկվեն»,-ասաց նա:










