ՀՀ-ը պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց մեր դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատի՝ փաստաթղթում անցանկալի ձևակերպումները կանխելու համար. Ս. Գրիգորյան

17:39 • 07.07.18

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Արմեն Աշոտյանի գրառմանը, նշեց, որ ՀՀ-ը պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց մեր դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատի՝ փաստաթղթում անցանկալի ձևակերպումները կանխելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված այցին ընդառաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն հավաքական Արևմուտքն է՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլև Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է ՀՀ-ին վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը. «Եթե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն կտրուկ ձևակերպումներ ՀՀ-ին հետաքրքրող հարցերի վերաբերյալ՝ կառաջարկեմ չմասնակցել»,- ասել էր Ա. Աշոտյանը: Նա նաև ընդգծել էր, որ գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարաշածրջանային կոնֆլիկտների նկատմամբ ՆԱՏՕ որդեգրված մոտեցման մեջ, որպես կանոն, գերակայություն է տրվում տարածքային ամբողջականությանը:

- Պարո՛ն Գրիգորյան, Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս նման մտավախություն կա, և ճի՞շտ է արդյոք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելը:

- Երկու տարի առաջ Հայաստանը մասնակցեց գագաթնաժողովին, այնտեղ ձևակերպումները նորմալ էին: Ես հստակ հիշում եմ, որ միայն նշված չէր տարածքային ամբողջականությունը, ոչ բոլոր դեպքերում է, որ ՆԱՏՕ-ի ձևակերպումներում տարածքային ամբողջականությունը գերակայում է: 2 տարի առաջ բավականին լավ ձևակերպումներ էին, և Հայաստանն առաջին դեմքով ներկայացված էր: Ես կառաջարկեմ մասնակցել, բայց մինչև մասնակցությունը մեր դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատի, որ նույն ձևակերպումը մնա: Նեղանալը, չմասնակցելը սխալ է, պետք է մասնակցել, մինչև մասնակցությունը դիվանագիտական աշխատանքի միջոցով հասնել ձեռնտու ձևակերպումների ամրագրմանը: Եթե դու սպասես, ամեն ինչ կարող է լինել, բայց մենք ունենք դիվանագիտական խողովակներ, որոնց միջոցով պետք է աշխատել: Եթե մենք ստացել ենք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր, ուրեմն ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որ մենք գնանք, ուղղակի պետք է հետևել, որ փաստաթղթում նույն ձևակերպումները լինեն, որոնք եղել են երկու տարի առաջ: Եթե լինեն մեզ համար ոչ բարենպաստ ձևակերպումներ, այդ դեպքում թող Կառավարությունը մտածի՝ մասնակցի՞ Փաշինյանը, թե՞ ոչ, բայց մենք կարող ենք կանխել այդ անցանկալի զարգացումները՝ ակտիվ դիվանագիտական աշխատանքով: Նշեմ նաև մի կարևոր բան. և՛ Եվրամիությունը, և՛ ՆԱՏՕ-ն բաց են քննարկումների համար: Եթե կան մտավախություններ, ես չեմ ասում, որ դրանք հաշվի չառնենք, ուղղակի պետք է կանխել այդ անցանկալի զարգացումը:

- Ա. Աշոտյանը նաև նկատել էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետ նոր իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն օգտագործում են նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները քննարկելու և առաջարկել էր ոչ ՆԱՏՕ-ի միջոցառման շրջանակում՝  այլ առիթով, այլ տեղում հանդիպել՝ հաշվի առնելով վերը նշված մտահոգությունները: Սրա վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:

- Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, այդ շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կաշխատի, բացի դրանից, Բրյուսելում գտնվում են Եվրամիության գլխավոր ինստիտուտները: Նիկոլ Փաշինյանն այդ գլխավոր ինստիտուտներում կհանդիպի ԵՄ ղեկավարների հետ: Ֆիզիկապես այդ երկու ինստիտուտները Բրյուսելում են գտնվում, բայց իրար հետ պետք չէ կապել: Դրանք առանձին ինստիտուտներ են, երկուսն էլ կարևոր. պետք է և՛ ԵՄ-ի հետ գնաս բանակցելու, և՛ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցես:

- ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը ի՞նչ է տալու Հայաստանին:

- Ավելի լավ կլինի՝ հարցնեք Կառավարությանը, բայց ես ասում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը տալիս է մեզ այլընտրանքներ, բայց մանրամասնությունները՝ ինչ պլանավորվում է և այլն, ճիշտ է Կառավարությանը հարցնել: Օրինակ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ապահովում է ավելի բարձր լոգիստիկա մեր բանակում, համալրվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաներով մեր բանակը: Մի շարք ծրագրեր ենք անում, հումանիտար ծրագրեր, արտակարգ իրավիճակների վերաբերյալ ծրագրեր: Այս առումով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է հենց այս ծրագրերն իրականացնելու համար: Դա ինչ-որ չափով անվտանգության ոլորտում մեզ տալիս է այլընտրանք, այդ այլընտրանքը շատ մեծ չէ, բայց կարևոր է:

- Այլընտրանքի մասին խոսեցիք, Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, կարո՞ղ է է՛լ ավելի խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, ՀԱՊԿ-ը անդամակցությունը չի՞ կաշկանդում Հայաստանին:

- Շատ բան կախված է նրանից, թե դու ինչ ծրագրեր ես անում: Իհարկե, եթե դու ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը դնես, ապա, այո, դա հակասում է մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին՝ հաշվի առնելով այն հակասությունները, որոնք կան ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Բայց երբ դու տարբեր ծրագրեր ես իրականացնում, նույնիսկ ինտենսիվ համագործակցում ես խաղաղապահ ուժերի շրջանակներում, արտակարգ իրավիճակների հարցերում, հումանիտար ծրագրերում, ինչով է դա խանգարում ՀԱՊԿ-ին: Այսինքն՝ ամեն ինչ կախված է, թե դու ինչ ծրագրեր ես անում: Օրինակ, մենք ՆԱՏՕ-ի հետ կարող ենք բազմաթիվ ծրագրեր անել գիտական ոլորտում, այլ ոլորտներում, որոնք ոչ մի բանով չեն հակասում ՀԱՊԿ-ին: