Վերին Լարսում կուտակումների պատճառը Վրաստան հանգստի գնացող ռուս և ռուսաստանցի զբոսաշրջիկներն են. փոխնախարար
Այս պահին Լարսի անցակետում հերթը նվազելով՝ վրացական կողմից կազմում է 800 մետրից 1 կիլոմետր կամ ընդհանուր թվով՝ «հայկական» 140 մեքենա, որոնցից 40-ն արդեն տերմինալում է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ մանրամասնելով. «Այսինքն՝ վրացական կողմից նվազման միտումներ են գնում, քանի որ երեկ իրենց կողմից հերթը կազմում էր 2-3 կիլոմետր: Հերթը չափվում է կիլոմետրերով: Իսկ ռուսական կողմից կա որոշակի ավելացման միտում. երեկ կազմում էր 5 կիլոմետր, այսօր՝ 6-7: Սակայն, երեկ եթե հերթի վերջում կանգնած մեքենան անցակետն անցնում էր 5 ժամում, այսօր 6-7 կիլոմետրի պարագայում նույնպես 5 ժամը պահպանվում է: Այսինքն՝ հերթն ավելի «արագ է»»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ժողովո՛ւրդ ջան, եթե ունեք ծանոթ բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, ապա զգուշացրեք հերթի գոյության մասին:
Այս պահին ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում)՝ 5 ժամ:
Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1.5 ժամ:
Հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու»:
ԿՊՏՏ փոխնախարարի հավելմամբ՝ հիմնական խնդիրը զբոսաշրջիկների առկայությունն է: «Ռուս տուրիստների հետ է կապված, որովհետև ռուս տուրիստները գնում են Վրաստան՝ հանգստի նպատակով: Այսինքն՝ ինձ հավաստիացրին, որ ուղիղ 50 տոկոսը, տվյալներն այսօր առավոտվա են, ռուսական մեքենաներն են, ռուս տուրիստները, որոնք գալիս են Ռուսաստանից»,-ասաց նա:
Նախարարությունը ամենժամյա ռեժիմով ինտենսիվ աշխատում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ու հյուպատոսության հետ, որոնք էլ գործակցում են վրացական ու ռուսական իշխանությունների հետ:
«Այսինքն՝ հերթերի շուրջ ոչ մի առեղծված, մութ կետեր չկան, ինչպես շրջանառվեց մեր մամուլում, նաև մեր խոսակցությունների մոտ նման խոսակցություններ էին շրջանառում: Բայց նորից եմ ասում՝ հերթն ուղիղ կապ ունի տուրիստների առատության հետ»,-հավելեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանում սաստիկ շոգ է՝ 42+, և, բնականաբար, նման եղանակային պայմաններ են նաև Լարսում: Հարցին, թե արդյոք արտակարգ դեպքեր, մարդկանց ինքնազգացողության վատացումներ լինում են և ինչ են անում նման դեպքերում, Արմեն Փամուխչյանն ասաց. «Քաղաքացիների նկատմամբ անհանգստությունն իրավասության հարց չէ, սա բոլորի խնդիրն է, մենք, օրինակ, 2 օր առաջ, երբ հերթն անհամեմատ ավելի շատ էր, գրեթե չկար անցողիկություն, դեսպանության աշխատակիցները ջուր և զովացուցիչ հյութեր էին տարել մեր հայ վարորդներին»:










