Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ ուղղված բողոքի ակցիան

17:50 • 07.07.18

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ բողոքի ցույցի կազմակերպիչները տարբեր հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների ակտիվիստներին հավաքում են «Թրամփը չի ողջունվում», «Կրկին մեծ դարձնենք աշխարհը» և այլ կարգախոսների ներքո:

Նշվում է, որ բողոքի ակցիան մեկնարկել է Հյուսիսային կայարանում, որտեղ հերթապահում են ոստիկանական ուժեղացված ջոկատները:

Գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ կայարանի առջև հավաքվել է մի քանի հարյուր մարդ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները կայարանի մոտակայքում տեղադրված բեմից ողջույնի խոսքեր են հղում ակցիայի մասնակիցներին:

Հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Բրյուսել: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Բրյուսել կատարելիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի ունենալիք հանդիպումների մասին առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն: Բալայանը հաստատել է, որ Փաշինյանը հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Լոնդոնում նույնպես բողոքի ակցիա կանցկացվի Թրամփի այցի դեմ: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը թույլատրել է ցուցարարներին մանուկ Թրամփի տեսքով խաղալիք բաց թողնել երկինք: