Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարներում մահացած ԻՊ-ականների հազարավոր կանայք են պահվում․ թուրքական կայքի անդրադարձը
Թուրքական gazeteduvar.com.tr կայքի՝ Սիրիայում աշխատող թղթակից Բեն Հուբբարդն անդրադարձել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միայնակ մնացած կանանց, որոնց ճակատագիրն ԻՊ-ի ջախջախումից հետո անորոշ է։
Ըստ թղթակցի՝ կանայք, որոնց մեծ մասը պահվում է Սիրիայի հյուսիսում գտնվող ընդհանուր ճամբարներում, ձգտում են վերադառնալ իրենց երկրներ, սակայն շարունակում են մնալ անորոշության մեջ՝ չգտնելով ստեղծված իրավիճակից ելք։
Մարոկկացի Սարահ Իբրահիմն իր երեխայի հետ անցյալ տարվանից գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ընդհանուր ճամբարում, որը վերահսկվում է այդտեղ հսկողություն սահմանած քուրդ զինյալների կողմից։ Սարահի հետ միասին այդտեղ է գտնվում ավելի քան 2000 կին։
Ըստ մարոկկացի կնոջ, երբ իր ամուսինը որոշեց միանալ ԻՊ-ին Սիրիայում, իր առաջ որևէ այլ երկընտրանք չկար։ Նա ենթադրում է, որ իր ամուսինը մահացել է օդային հարձակումներից մեկի ժամանակ։
Կայքի լրագրողը նշում է, որ ճամբարում իրենք հանդիպել են նաև Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի քաղաքացի կանանց, որոնց հետ որոշակի զրույցներ են հաջողացրել վարել։ Քուրդ մարտիկները, սակայն, չեն թույլատրել կանանց հայտնել իրենց անունները մամուլին։
Կայքը շեշտում է, որ կանանցից շատերը հավաստիացրել են, որ այստեղ են հայտնվել ոչ իրենց կամքով, և շատերի ամուսինները ճնշում են գործադրել իրենց վրա։ Ոմանք էլ խոստովանել են, որ սխալվել են, սակայն իրենց սխալների համար այսօր անարդարացիորեն պատասխան են տալիս իրենց երեխաները, ինչն էլ դրդում է այս կանանց հայրենիք վերադառնալու ճանապարհներ փնտրել։










