Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

13:26 • 07.07.18

Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ անհայտ կորած է համարվում 47 մարդ: Չորս մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ջրհեղեղի հետևանքով 3.700 մարդ 1.800 տնային տնտեսությունում կտրված է մնացել կապի միջոցներից:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հաղորդել էր, որ ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանության և փրկարար ծառայության 48 հազար աշխատակից մասնակցում է տուժածներին փրկելու գործողությանը: Երկրի վարչապետ Սինձո Աբեն «չափազանց լուրջ» է անվանել իրավիճակը ջրհեղեղներից տուժած շրջաններում:

Հիշեցնենք, որ ուրբաթ Ճապոնիայի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում հորդառատ անձրևներ են սկսվել։ Ծանր դրություն է հատկապես Օկայամա պրեֆեկտուրայում։