Պամպլոնայում ցլավազքի ժամանակ 5 մարդ է տուժել (լուսանկարներ)
Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկած ավանդական ցլավազքի ժամանակ վնասվածք է ստացել 5 մարդ, որոնցից մեկին պոզահարել է ցուլը:
Ինչպես նշում է The Guardian-ը, բոլոր տուժածներն այժմ հոսպիտալացված են:
Աղբյուրը մանրամասնում է, որ շաբաթ օրվա ցլավազքից առաջ անձրև էր տեղացել, ինչի հետևանքով Պամպլոնայի նեղլիկ փողոցները, որտեղ այս օրերին հավաքվել են հազարավոր զբոսաշրջիկներ, սղլիկ էին դարձել՝ թույլ չտալով միջոցառման մասնակիցներին հանգիստ վազել:
Հայտնի է, որ շաբաթ օրվա ցլավազքին մասնակցած ցլերը կշռել են 550-630 կգ:
Միջոցառումը, որը հաճախակի դառնում է բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ, կտևի 1 շաբաթ։
Հավելենք, որ ցլավազքի ընթացքում ցլերին դուրս են թողնում փարախներից, որպեսզի դրանք վազելով հասնեն ցլամարտի դաշտ, որտեղ ավելի ուշ տեղի է ունենալու բուն ցլամարտը:
850 մետրանոց ճանապարհը ցլերն անցնում են 3-4 րոպեում: Ամենավտանգավոր հատվածը դաշտի մոտ բաց տարածքն է, որտեղ մարդիկ պատսպարվելու տեղ չունեն:
Փառատոնը համաշխարհային հռչակ է ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» վեպի հրատարակումից հետո (1926թ):


![]()












