Իրաքի ոստիկանությունը կրակ է բացել նավթահորերի մոտակայքում հավաքված ցուցարարների վրա

16:55 • 08.07.18

Իրաքի ոստիկանությունը կրակ է բացել կիրակի երկրի հարավում գտնվող Բասրա քաղաքում՝ նավթահորերի մոտակայքում գործազրկության, էլեկտրականության, ջրի և այլ կենցաղային տարրական պայմանների բացակայության դեմ բողոքող տասնյակ ցուցարարներին ցրելու համար:

Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը և տեղացի պաշտոնյաների:

Ոստիկանության աղբյուրների հաղորդմամբ՝ ութ ցուցարար է վիրավորվել: Տեղի քաղաքապետերից մեկի խոսքերով՝ ցուցարարներից մեկը սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել:

Ոստիկանության և նավթի հարցերով պաշտոնյաները հայտարարել են, որ կիրակի օրը տեղի ունեցած միջադեպը չի ազդել մոտակայքում գտնվող նավթահորերի անվտանգության և աշխատանքի վրա:

Գործակալությունը նշում է, որ Բասրայում կայունությունը առանցքային նշանակություն ունի որպես կառավարության եկամուտների ավելի քան 95 տոկոսն ապահովող նավթի արտահանման հանգույց: