Արցախի ներքաղաքական իրավիճակը դեռևս զերծ է մնում սահմանադրական բարեփոխումներ սկսելուց, բայց դա ժամանակի խնդիր է. Դ. Իշխանյան

21:32 • 09.07.18

ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատու Դավիթ Իշխանյանը չի կարծում, որ ճիշտ ժամանակն է՝ Արցախում սահմանադրական բարեփոխումներ սկսելու, թեև, ըստ նրա, որոշակի տրամադրություններ այդ ուղղությամբ նկատելի են, և վաղ, թե ուշ գործընթացը սկսվելու է:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը նշել էր, որ Արցախում հնարավոր է՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսվի, քանի որ համակարգը նպաստում է իշխանության անձնավորմանը, և չկա որևէ խորհրդարանական ուժեղ հակակշիռ:

Tert.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ  տարբեր շերտերի կողմից տարբեր պահանջներ են դրվում, ընդհուպ մինչև նախագահի հրաժարականի պահանջ:

«Իհարկե, իմ կարծիքով՝ չկա նման ընդհանուր պահանջ, և չեն հասունացել հանրային տրամադրություններ՝ նախագահի  հրաժարականը պահանջելու: Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների և բարեփոխումների  մասին հայտարարվել է երկրի նախագահի կողմից: Հունիսի սկզբներին ականատես եղաք ուժային ղեկավարների հրաժարականի պահանջին, և այդ ամենով հանդերձ՝ այդ հրապարակները եղան, նաև նախագահի կողմից ցուցաբերված նախաձեռնությամբ փոփոխություններ եղան: Այդուհանդերձ, կարծում եմ, որ ինչպես հրապարակային  ներկայացրել ենք, մի քանի հանգրվանով այդ բարեփոխումները տեղի կունենան, և կարծում ենք՝ առաջին հանգրվանն արդեն իսկ հաղթահարել ենք»,-ասաց նա:  

Ըստ Իշխանյանի՝ ընդհանուր առմամբ առաջին փուլում տեղի են ունեցել կադրային  փոփոխություններ, որի արդյունքում նաև ակնկալիք կա համակարգային և որոշ գործելաոճի փոփոխության: «Դրա համար ժամանակ է պետք, և ժամանակն աշխատում է այդ ուղղությամբ, բայց ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, որպես այդպիսին՝ Սահմանադրության փոփոխության քննարկումներ չկան»,-ասաց նա:   

Միաժամանակ, Դավիթ Իշխանյանը հիշեցրեց ՀՅԴ տեսակետը, որ դեռևս 2017 թ-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության քվեարկության նախօրյակին ՀՅԴ Արցախի կառույցը դեմ էր գնացել գործող Սահմանադրությանը՝ դիտարկելով ժողովրդավարական սկզբունքներին և նպատակներին որոշակի արգելակող Սահմանադրություն: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն խորհրդարանական համակարգին էր կողմ: 

«Այդուհանդերձ, մենք ականատես եղանք, որ Սահմանադրությունը դարձավ իրականություն, և մենք ստիպված էինք համակերպվել դրա հետ՝ բնականաբար, ակնկալելով որոշակի  փոփոխությունների, նաև նախաձեռնությունների ցուցաբերում: Կարծում եմ դա տեղի կունենա, և այդ ամենը նույնպես ժամանակի խնդիր է, բայց այսօր ուղղակիորեն նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և ակնկալել, որ մենք անմիջապես կհաջողենք, դեռևս հասունացած չէ այդ  քաղաքական պահանջը, բայց ըստ իս՝ այս  զարգացումները հենց տանելու են դրան, և տրամաբանական ավարտը լինելու են Սահմանադրական  փոփոխությունները, և, գուցե, նաև մեզ հաջողվի կառավարման համակարգի փոփոխություն ընդունել: Այս իսկ առումով մենք կունենանք, վերջապես, նոր մոտեցումներ և ինչու չէ նաև ՀՀ-ի հետ մեկ քաղաքական մակարդակում կգտնվենք»,-ասաց նա:  

ԱՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ, իհարկե, կոնսուլտացիաներ սկսել ցանկացած պահին կարելի է նախաձեռնել և հասունացնել: «Այդ առումով կարծում եմ, որ արգելակող  հանգամանքներ չկան, միակ արգելակող հանգամանքը, որպեսզի բարձրաձայնվի, վերջին 1 ու կես, 2 ամսվա ընթացում Արցախում ստեղծված  ներքաղաքական իրավիճակն է, որի պայմանները մեզ դեռևս զերծ են պահում այդ կարգի քայլեր ձեռնարկելուց, քանի որ դա կարող է այլ կերպ ընկալվել և հանրության մոտ ստեղծել ներքին քաղաքական նոր զարգացումների հիմք, իսկ մենք ընդհանրապես կողմնակից  ենք  դանդաղ և  կայուն քայլերով առաջնորդվելուն»,- ասաց նա: