Ճաղավանդակներից ներս փոխվել է մեր հոգեվիճակը, մտածելակերպը. ցմահ դատապարտվածը դիմում է վարչապետին և արդարադատության նախարարին

14:40 • 09.07.18

Լուսանկարը՝ hetq.am-ի


Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Tert.am  լրատվականին է փոխանցել նամակ` ուղղված արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակի  մեջ բարձրաձայնվում են ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Դատապարտյալը 3 անգամ դիմել է վաղաժամկետ ազատման համար, 2  դեպքում դիմումը քննարկվել է հանձնաժողովի կողմից և մերժվել է:

«Մեծարգո պարո՛ն վարչապետ, հարգարժան պարո՛ն Զեյնալյան, նախկին իշխանությունների օրոք շատ էր բարձրաձայնվում արդարության, արդարադատության, «հանուն Հայաստանի Հանրապետության» արձակված դատավճիռների արդարացիության և անկողմնակալության մասին, սակայն միայն Թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ սկսեցին խոսել «վերևից» դատարաններին իջեցված հրահանգների մասին: Անգամ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հայտարարեց, որ նույնիսկ ՍԴ-ն անզոր էր որևէ բան փոխելու: Եվ ըստ այդ հրահանգերի՝ առկախված մնաց մոտ 30 ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը»,-նշել է նա:

Նամակի մեջ նշվում, է որ 20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող ցմահներին դատարանները տարիներ շարունակ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել, իսկ որոշ դատավորները որոշումը հրապարակելուց հետո խոստովանել են, որ «ռեժիմից» պետք է նեղանան:

«Հիմա ենք հասկանում իրականությունը։ Անսխալ մարդ, ըստ մեզ, չկա. բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն։ Մենք էլ ենք սխալվել և հայտնվել անազատության մեջ, բայց 20 ու ձիգ տարիները քիչ չեն մտածելու համար, ուղղվելու, փոխելու վարքագիծը։ Կարծում ենք` մի հանգամանք էլ պիտի հաշվի առնել, որ մենք հանցանք կատարել ենք բավականին երիտասարդ տարիքում, իսկ հիմա արդեն հասուն մարդիկ ենք՝ կյանքի տարբեր փորձություններով անցած: Ճաղավանդակներից ներս փոխվել է մեր հոգեվիճակը, մտածելակերպը։  Ինչո՞ւ հնարավորություն չտալ մեզ` ինտեգրվելու հասարակությանը, լինել մեր ընտանիքներում, պիտանի լինել հայրենիքին։ Հարգելի պարոնայք Փաշինյան և Զեյնալյան, պայմանական վաղաժամկետ ազատման սպասող ցմահ դատապարտյալներիս հույսը դուք եք։ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, արդարադատություն ապահովող ատյաններն այսուհետ անկախ են և աշխատում են օրենքի տառին համապատասխան: Եվ ուրեմն խնդրում ենք՝ քայլ արեք՝ մշակելու օրենսդրական մի նախագիծ, որով նոր հիմունքներով մեր գործերը կներկայացվեն նոր դատաքննության: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի սեղմ ժամկետներում դատարանները նորից քննեն մեր վաղաժամկետ ազատման դիմումներն արդեն օբյեկտիվ, անաչառ, առանց նախկին վերևից իջեցված հրահանգերի»,-նշված է նամակի մեջ:

Դատապարտյալը խնդրում է չկոտրել այժմ արդարադատության հանդեպ ունեցած իրենց հավատը, քայլ անեն՝ ապացուցելու, որ Հայաստանում գործում է Սահմանադրությունը, որ երկրում իսկապես այլ տրամադրություն է և նոր իրավիճակ` իր բոլոր կողմերով։

«Հույս ունենք, որ մեր առաջարկ-խնդրանքը չի մնա Ձեր օրակարգային սեղանին և սեղմ ժամկետում իր լուծումը կստանա»,-եզրափակել է ցմահ  դատապարտյալը:

Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ վաղաժամկետ ազատման վերջին դիմումը մերժվել է 2017 թ-ին:

«Աբսուրդ հիմնավորմամբ է մերժվել. 23 տարվա ընթացքում 2 տույժ է ունեցել` հեռախոս պահելու համար, ընդ որում մեկ  դեպքը 8-9 տարի  առաջ,  բացի այդ անկախ հանձնաժողովը  ներկայացրել էր, թե առկա է ռեցիդիվի հանգամանք, առաջին ատյանի դատարանն էլ անփոփոխ էր թողել հանձնաժողովի  որոշումը, սակայն վերաքննիչ քրեական դատարանի դատարանն արձանագրել էր, որ ռեցիդիվի հանգամանք չկա, սակայն դատարանը կրկին մերժել էր ցմահ դատապարտյալին: Սա աբսուրդ է. Ստեփան Գրիգորյանն ինքը մարդ չի սպանել, մասնակից է եղել, սա գործում կա, տարիներ շարունակ  բարձրաձայնվում է, բայց  անօգուտ»,-շեշտեց փաստաբանը:

Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ:

Հիշեցնենք, որ մայիս ամսին ՀՀ ՔԿՀ-ներում ցմահ ազատազրկման պատիժ կրող Արսեն Արծրունին (25տ), Ստեփան Գրիգորյանը (23տ), Աշոտ Մանուկյանը (23տ), Արթուր Մկրտչյան (23տ) և Արմենակ Մնջոյան (25տ) բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որտեղ ներկայացրել են իրենց մոտեցումները Հայաստանում գոյություն ունեցող «ցմահականների խնդրին», խնդրելով կասեցնել հաստատված ներքին «կարգը», դատապարտյալի վարքագծի արդար գնահատման և դատական գործընթացի արդար կատարման համար միջոցներ ձեռնարկել: Դատպարտյալները նշել էին, որ «Ցմահ ազատազրկում» պատժատեսակը, ըստ էության, վերածվել է «մահապատժի ազատազրկման միջոցով»: