Իրանը Գերմանիայից 300 միլիոն եվրո կանխիկ գումար դուրս կբերի. Bild
Թեհրանը մտադիր է Գերմանիայում գործող հաշվեհամարից 300 միլիոն եվրո կանխիկ գումար հանել և դրանք ինքնաթիռով տեղափոխել Իրան՝ առաջիկա ամիսներին Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման պատճառով: Այդ մասին գրել է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ գերտերությունները չեն կարողանա ամբողջությամբ փոխհատուցել Իրանի կորուստները, որոնք Թեհրանը կարող է կրել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները վերականգնելուց հետո:
Հաղորդվում է, որ Եվրոպական իրանական առևտրային բանկում պահվում են մեծ քանակությամբ գումարներ, որոնք պատկանում են Իրանի իշխանություններին, հաշիվները կառավարում է Գերմանական դաշնային բանկը:
Նախատեսվում է, որ Բունդեսբանկը 300 միլիոն եվրո կկանխիկացնի և այն կփոխանցի Իրանի իշխանությունների ներկայացուցիչներին: Իրանական ինքնաթիռով դրանք դուրս կբերվեն Գերմանիայից:
Գերմանական կառավարության ներկայացուցիչները հաստատել են նման ծրագրի առկայությունը: Ծրագրի մասին տեղեկացվել են նաև Գերմանիայի կանցլերի գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները, ԱԳՆ-ն և Ֆինանսների նախարարությունը:










