Ղազախստանը չի պատրաստվում թույլ տալ Կասպից ծովում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայում. երկրի ԱԳՆ

17:32 • 09.07.18

Ղազախստանը չի պատրաստվում թույլ տալ Կասպից ծովում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայում: Ռուս լրագրողների և փորձագետների մտորումները հակառակի մասին վկայում են նրանց կողմից իրական փաստերի չտիրապետելու մասին: Այդ մասին ասված է Ղազախստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդկերպ՝ ԱԳՆ-ն մեկնաբանել է 2018 թվականի հուլիսի 2-ին հեռարձակված «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Вечер с Владимиром Соловьевым») թոք շոուի մասնակիցների խոսքերը, որի ժամանակ նրանք քննարկել են Ղազախստանի կողմից իբր ընդունված որոշումը Կասպից ծովում ռազմաբազաների տեղակայման մասին:

«Ցանկություն կա կարծել, որ նման մեկնաբանությունների պատճառն ընդամենը ռուսական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների կողմից իրական փաստերին չտիրապետելն է, այլ ոչ փաստերի կանխամտածված խեղաթյուրումը»,- ասված է ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Նախարարության տվյալներով՝ խոսքը Ղազախստանի տարածքով ամերիկյան ոչ մահաբեր բեռների կոմերցիոն երկաթուղային տարանցման մասին է՝ միջազգային հանրության համար բավականին անհրաժեշտ Աֆղանստանի կառավարությանն աջակցության գործողությունների համար: ԱԳՆ-ն նշում է, որ նման տարանցում նախկինում իրականացվել է նաև ռուսական կողմի հետ համաձայնությամբ: 2010-2015 թվականներին հենց այդ նույն բեռների տարանցումն իրականացվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի տարածքներով:

«2010 թվականին ստորագրված ղազախա-ամերիկյան համաձայնագիրը Ղազախստանի տարածքով նշված կոմերցիոն երկաթուղային տարանցման ապահովման մասին նախատեսում է նույն պայմանները, որոնք գործում էին ռուս-ամերիկյան համաձայնագրով»,- ասված է մեկնաբանությունում: ԱԳՆ-ն հավելել է, որ 2017 թվականի սեպտեմբերին ստորագրված արձանագրությամբ անցակետերի թվում ավելացվել է երկու նավահանգիստ: