Կիմ Չեն Ընի անձնական ինքնաթիռը նկատել են Ռուսաստանում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական ինքնաթիռը երկուշաբթի՝ հուլիսի 9-ին, նկատել են Վլադիվոստոկի օդանավակայանում: Այդ մասին հայտնում է «Յոնհապ» գործակալությունը:
Ինքնաթիռը գտնվել է օդանավակայանում մոտ երեք ժամ: Թե արդյոք ինքը՝ Կիմ Չեն Ընն ինքնաթիռում է եղել, թե ոչ, հայտնի չէ:
Գործակալությունը ենթադրում է, որ դրանով Վլադիվոստոկ կարող էին ժամանել պաշտոնյաները, որոնք զբաղվում են Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում Ռուսաստան Հյուսիսային Կորեայի առաջնորդի հնարավոր այցի նախապատրաստմամբ:
Մայիսի վերջին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կիմ Չեն Ընին հրավիրել էր Ռուսաստան: Այցի համար հնարավոր առիթ էր նշվում Արևելյան տնտեսական համաժողովը, որն անց է կացվելու սեպտեմբերի 11-13-ը Վլադիվոստոկում: Հունիսի 1-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդի անձնական հանդիպման մասին:










