Նիկարագուայում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է ևս 14 մարդ
Նիկարագուայում կիրակի տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է ևս 14 մարդ։ Ինչպես հայտնում է news.rambler.ru գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Վիլմա Նունյեսը։
«Դա սարսափելի է։ Մենք ունենք առնվազն 14 զոհ, սակայն այդ թիվը կարող է ավելանալ։ Ներառված են անկարգությունները ցրելու ստորաբաժանումից 1 ոստիկան, իշխանությունների 1 զինված աջակից և 2 ոստիկան»,- ասել է Նունյեսը։
Prensa պորտալի համաձայն՝ մահվան հանգեցրած բախումները տեղի են ունեցել իշխանությունների աջակիցների կողմից ցուցարարների բարիկադները վերացնելու փորձի ժամանակ։
Նիկարագուայում ապրիլի 18-ից բողոքի ակցիաներ են անցկացվում իշխանությունների առաջարկած բարեփոխումների պատճառով, որը նախատեսում էր գործատուների և աշխատողների կողմից սոցապահովագրության հիմնադրամներ կատարվող վճարումների ավելացում։ Թեև դա արդեն չեղարկվել է, սակայն զանգվածային ցույցերը չեն դադարել։
Այսպիսով՝ Նիկարագուայում բողոքի ցույցերի ընթացքում մահացել է ընդհանուր 323 մարդ։










