Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (տեսանյութ)
Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Այս մասին հարցը ներառված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հարցը զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Վարչապետը շնորհավորեց նրան՝ պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: «Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը:
Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի»,-ասաց վարչապետը: Իսկ Քննչական կոմիտեի նոր նախագահը շնորհակալություն հայտնեց: «Վստահեցնում եմ, որ բռունցքով ձեր վստահությունն արդարացնելու ենք, որևէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 11-ին:
Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
1994 - 1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը:
2001 - 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
2006 թվականի սեպտեմբերի 11-ին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա:
2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2010 -2011 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ:
2011 - 2014 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ:
2014թ. - 2015 թվականի հունվարի 14-ը - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2015 թվականի հունվարի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:
2015թ. հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում, զինվորական կոչումով փոխգնդապետ է:










